Իսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում զոհերի թիվն անցել է 4300-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4310-ի, իսկ վիրավորներինը՝ 12199-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ հունիսի 19-ին կողմերի միջև հայտարարված հրադադարին հակառակ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հուլիսի 3-ին հարվածներ են հասցրել Բարաշիտ, Բեյթ Յահուն, Բինտ Ջբեյլ և Կունին քաղաքներին։ Արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում հարավային Լիբանանում զոհվել է 12 մարդ։
Հունիսի 26-ին Իսրայելն ու Լիբանանը շրջանակային համաձայնագիր էին ստորագրել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ ԱՄՆ-ի հովանու ներքո լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլն ընթացել էր Վաշինգտոնում հունիսի 23-25-ը: Ըստ ԶԼՄ-ների՝ համաձայնագրով իսրայելական ուժերը փուլային դուրս կբերվեն Լիբանանի տարածքից։
