16.000 քաղաքացի վարորդական իրավունքի շեմին. 6 բալ 13-ի փոխարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16.000 քաղաքացի վարորդական իրավունքի շեմին. 6 բալ 13-ի փոխարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարելու իրավունքից զրկված քաղաքացիների համար հուլիսի 6-ից ուժի մեջ են մտնում վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգավորումները։

«Ոստիկանության վարչարարության արդյունքում զրկված քաղաքացիները կկարողանան վերականգնել իրենց վարորդական իրավունքը՝ վճարելով 50000 դրամ պետական տուրք և որակավորման թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններին մասնակցություն չեն ունենա»։

Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց՝ նոր կարգավորումները բոլոր դեպքերի վրա չէ, որ տարածվում են.

«Այն անձինք, ովքեր քրեական վարույթների շրջանակում զրկվել են վարելու իրավունքից դատարանների որոշումներով կամ օտարերկրյա պետություններում ունեցել են վարորդական իրավունքի զրկումներ, վերջիններիս վրա այս իրավահարաբերությունները չեն տարածվելու»։

Փոխնախարարն ընդգծում է՝ առողջական սահմանափակումներ ունեցող անձանց վրա այս կարգավորումները նույնպես չեն տարածվում։

Փոփոխությունները հետադարձ ուժով կգործեն 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված քաղաքացիների համար։ Մինչ այդ ժամանակահատվածում կիրառված զրկումների դեպքում նոր կարգավորումները չեն գործի, քանի որ այդ ժամանակ բալային համակարգը դեռ չէր գործում։

Ներքին գործերի նախարարության հաշվարկներով՝ այս կարգավորումից կարող է օգտվել շուրջ 16 հազար քաղաքացի։

Միևնույն ժամանակ, պետությունը սահմանում է ավելի խիստ վերահսկողության մեխանիզմ։ Իրավունքը վերականգնած վարորդները մեկ տարի գտնվելու են փորձաշրջանում և կունենան ոչ թե 13, այլ 6 միավոր։

«Այս 6 միավորը սպառելուց հետո անմիջապես վարելու իրավունքից տվյալ քաղաքացին կզրկվի, այն ինչ սովորական ռեժիմում 13 բալ սպառած քաղաքացին ունենում է վարելու իրավունքի կասեցում»։

Մկրտչյանն ընդգծում է՝ հուլիսի 6-ից հետո համակարգը կգործի մշտական ռեժիմով, և նոր զրկումներ ստացած քաղաքացիները նույնպես կանցնեն նույն գործընթացով՝ 1 տարի ժամկետը լրանալուց հետո.

«Այն քաղաքացիները, ում վարելու իրավունքի զրկման ժամանակաշրջանը, այսինքն՝ 1 տարին լրացած չի լինի հուլիսի 6 դրությամբ, վերջիններս հուլիսի 6-ից հետո, երբ որ կլրանա իրենց զրկման 1 տարին այդ օրվանից սկսած կկարողանան դիմել իրենց վարորդական իրավունքը, ուրեմն, վերականգնելու համար»։

Հուլիսի 6-ից հետո համակարգը կգործի մշտական ռեժիմով, և վարորդական իրավունքից նոր զրկված քաղաքացիները կանցնեն նույն գործընթացով՝ ժամկետը լրանալուց հետո։

Այս հնարավորությունից յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա օգտվել միայն մեկ անգամ։ Եթե փորձաշրջանի ընթացքում կրկին զրկվի վարելու իրավունքից, հաջորդ անգամ արդեն ստիպված կլինի մեկ տարի սպասելուց հետո հանձնել որակավորման թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունները։

«Եթե նոր վկայական է ստանալու, այսինքն՝ նախկինի ժամկետը լրացած է լինելու, որը որ վերցված է եղել զրկման հիմքով, դրան զուգահեռ ևս կվճարվեն նա այդ նոր վկայականի համար համապատասխան, ուրեմն, տուրքերը»։

Փոխնախարարը շեշտում է՝ այս փոփոխությունների նպատակը ոչ թե վարորդների համար արտոնություն ստեղծելն է, այլ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումը։

«Ես մեր վարորդ քաղաքացիներին խորհուրդ կտամ, որպեսզի իրենք խստորեն պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, քանի որ դա ոչ միայն ընդհանուր պատկերում ձևավորում է հանրային վտանգավոր վիճակ, այլ առանձին դեպքերում մենք գիտենք, որ երթևեկության կանոնների խախտումները հանգեցնում են պատահարների, որոնք էլ ունենում են բավականին ծանր հետևանքներ»։

Այսպիսով՝ քաղաքացիները պետք է գրանցվեն համապատասխան էլեկտրոնային հարթակում, վճարեն պետական տուրք՝ 50,000 դրամի չափով, և դիմեն հաշվառման-քննական ստորաբաժանումներ՝ նոր վարորդական վկայական ստանալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment