Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարը դատապարտել է քաղաքապետարանի ծեծկռտուքը և ներկայացրել կատարված աշխատանքները

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, նշել է, որ ինքը միջադեպի մասնակից չի եղել, սակայն անձամբ դատապարտում է բռնությունը։

Factor TV-ի հարցին, թե ինչպես է գնահատում իր թիմակիցների պահվածքը, Գաբրիելյանը պատասխանել է, որ դատապարտում է բռնությունը։

 «Միանշանակ դատապարտում եմ բռնությունը։ Մնացած մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև ինքս այնտեղ չեմ եղել»։,- պատասխանել է Տիգրան Գաբրիելյանը

Հարցին, թե արդյոք միջադեպի մասնակից պաշտոնյաները պետք է հրաժարական տան, նա ասել է, որ չի կարող նման գնահատական տալ՝ հավելելով, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ շարունակել պաշտոնավարել, թե ոչ։

Խոսելով իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքների մասին՝ Գաբրիելյանը նշել է, որ շուրջ ութ ամիս է ղեկավարում է Շենգավիթ վարչական շրջանը։ Նրա խոսքով՝ ավարտին են հասցվում նախորդ տարվա ծրագրերը, իսկ այժմ իրականացվում են ընթացիկ տարվա նախագծերը։

Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է ստանալ երկու խորքային հորի շահագործման թույլտվություն՝ կանաչապատ տարածքների ոռոգման խնդիրը լուծելու նպատակով։ Բացի այդ, վարչական շրջանում հիմնանորոգվում և կառուցվում է 13 բակ՝ նոր խաղահրապարակներով և մարզասարքերով։

Գաբրիելյանի խոսքով՝ փոխարինվել են նաև Նժդեհի փողոցի վնասված սալիկները։ Նա պարզաբանել է, որ փոխվել են միայն այն հատվածները, որոնք տարիների ընթացքում վնասվել էին, և ոչ թե ամբողջությամբ նոր կառուցված հատվածները։

Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարը նաև հայտնել է, որ Խարբերդում զրոյից կառուցվում է մանկապարտեզ, վերականգնվում է շուրջ 8 կիլոմետր ոռոգման ջրագիծ, առաջիկա ամիսներին կլուսավորվի 17 փողոց, ինչպես նաև նախատեսվում է իրականացնել գազաֆիկացման աշխատանքներ։

Անդրադառնալով Խարբերդի կենտրոնական փողոցի վիճակին՝ Գաբրիելյանը նշել է, որ խնդիրը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որի հանձնարարությամբ կտրամադրվեն անհրաժեշտ միջոցները՝ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելու համար։

Leave a Comment