Շինհրապարակներում փոշենստեցման միջոցառումները դարձել են պարտադիր պահանջ

Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է։ Այս մասին հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն՝ հղում անելով 2026 թվականի հունվարին ընդունված «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերին։

Նշվում է, որ կառուցապատողներին նախապես տրամադրվել է բավարար ժամանակ՝ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և շինհրապարակների համապատասխան կահավորման համար։ Նոր կարգավորումը գործում է արդեն մեկ ամիս։

Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է բոլոր կառուցապատողներին առաջնորդվել սահմանված նորմերով, պատասխանատու կերպով կազմակերպել շինարարական գործընթացը և նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը։

Ըստ պահանջների՝ ՀՀ բոլոր բնակավայրերում շինհրապարակներում պետք է ապահովվի արտանետումների վերահսկում՝ կիրառելով փոշենստեցման և օդի մաքրման համակարգեր, այդ թվում՝ փոշեորսիչ, փոշեճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող և ցածր արտանետումներով սարքավորումներ։

Պարտադիր է նաև շինհրապարակների օդի որակի մոնիթորինգի համակարգերի տեղադրումը։

Բացի այդ, ժամանակավոր ճանապարհները պետք է պատված լինեն բետոնով կամ այլ կոշտ ծածկույթներով, իսկ մնացած հատվածները՝ խճով՝ փոշու առաջացումը նվազեցնելու նպատակով։

Կառուցապատողները պարտավոր են պահպանել նաև շինհրապարակների պատշաճ կահավորման, պարբերական մաքրման, փոշեպաշտպան ցանցերի կիրառման և նյութերի տեղափոխման անվտանգության պահանջները։

Նոր նորմերի կիրառմամբ նախատեսվում է նվազեցնել շինարարության ազդեցությունը մթնոլորտային օդի աղտոտման վրա։

Leave a Comment