Ընտրախախտումներից մինչև ապատեղեկատվություն․ ի՞նչ սպառնալիքներ են տեսնում մասնագետները

Հայկական ընտրական պատմության մեջ ամենից տարածված ընտրախախտումների ցուցակը, որոնք կարող են ընտրության վերջնարդյունքի վրա էական ազդեցություն ունենալ ըստ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող և դիտորդական առաքելության ներկայացուցիչ Արբակ Սարգսյանի, գլխավորում են կոռուպցիոն մեխանիզմները՝ ընտրակաշառքները, վարչական ռեսուրսների թաքնված չարաշահումները, ճնշումների կամ վախի ազդեցությամբ իրենց ուզած թեկնածուի համար քվեարկելու պահանջը և ոչ միայն․ «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս հարցերի մասին, բայց դրանք վերջնական լուծված չեն»,- նշել է նա։ Որպես շղարշ բարեգործական ընկերությունների, բիզնեսի և արտաքին սուբյեկտների կողմից իրականացվող քողարկված ֆինանսավորումներն ու անուղղակի ձայների գնումը նույնպես կարող են իրավիճակ փոխել: Այս ֆինանսական անհավասարությունը որոշ ուժերի տալիս է անհամաչափ առավելություն՝ խախտելով հավասար մրցակցության սկզբունքը»,-նշել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ «Կաշառք տվողն էլ, վերցնողն էլ կատարում են քրեորեն հետապնդելի արարք, բարեգործության խոստումը ևս բացառություն չէ, և երկուսն էլ պետք է իմանան, որ իրավապահ մարմինները վաղ թե ուշ կգնան իրենց ետևից։ Նախկին փորձից Գյումրի և Փարաքար համայնքների ՏԻՄ ընտրությունների դիտարկման ժամանակ բացահայտել ենք բարեգործության արգելքի դեպք, դիմել ենք դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այն մինչ օրս ընթացացքի մեջ է»,-եզրափակել է նա։

Ընտրատեղամասերի խախտումներից այլ մարդու օգնելու անվան տակ նրա փոխարեն քվեարկելու, վերահսկողություն կամ ճնշում գործադրելու դեպքերի մասին է հիշատակել Արբակ Սարգսյանը։ Կարևոր է հասկանալ՝ դրանք  մասսայական, թե՞ մասնավոր դեպքեր են, զուգորդվում են ընտրատեղամասերի շուրջ 50 մ շառավղով կուտակումներով, խմբերով տեղամասեր հասցնելով թե՞ ոչ։

«Մեր խնդիրը ցույց տալն է և պահանջելը, որ այդ խնդիրները լուծվեն»,- նշել է իրավապաշտպան, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Գևորգ Քոթանջյանը։ Նրա խոսքով՝ օրինակ ենթադրյալ վարչական ռեսուրսի չարաշահման դեպք արձանագրելու դեպքում եթե մենք չխոսենք, հանրությունը հնարավոր է՝ չիմանա, որ դա ընտրախախտում է։

Նախկինում արձանագրված լցոնումների հավանականությունը բացառում, քվեաթերթիկների հաշվման կամ վերահաշվարկի դեպքում ռիսկերը ցածր են գնահատում մասնագետները․ բոլոր տեղամասերը ուղիղ հեռարձակմամբ տեսանկարահանվում են, մինչդեռ ուղղորդման կամ ճնշումների դեպքում արդիական է մնում այսպես կոչված՝ «Հայկական կառուսելի» գործոնը։

«Այսպես կոչված «հայկական կառուսել» մեխանիզմը ժամանակին հասել էր անգամ Վրաստանի ընտրություններին»,- նշել է իրավապաշտպանը՝ ընդգծելով, սակայն ՀՀ օրենսգիրքը ընձեռում է խուսանավելու տարբերակը՝ չօգտագործված քվեաթերթիկը քվեախցից դուրս բերելու հնարավորությունը։

«Ազդեցիկ գործոններից հերթականը հիբրիդային պատերազմի դրսևորումներն են»,-ասել է  «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը։ Նրա խոսքով այս ընտրություններում դրանք աննախադեպ  ու ահռելի են, և պետությունը լիարժեք վերահսկելու հնարավորություն չունի,  ուստի խիստ կարևոր են տեղեկատվական հոսքերի անվտանգության պետական մոտեցումը, մեդիագրագիտությանն ուղված քայլերը։ Սակայն ինչպես փորձը ցույց է տալիս, որ մեդիագրագիտության դասընթացներին մշտապես մասնակցում է մի որոշակի մարդկանց խումբ, իսկ մյուսները ներգրավված չեն»։

Ըստ մեդիափորձագետ Վարդուհի Անանյանի՝ ապատեղեկատվությունը ամենամեծ մանիպուլիացիան է մեր օրերում, հատկապես՝ արհեստական բանականության գոյության ժամանակ։ Գլխավոր խորհուրդը՝  «կասկածի տակ դնել ստացած ցանկացած ինֆորմացիա և ստուգել աղբյուրը»։   Շոկային ազդեցություն ստանալու համար քոնթենթ ստեղծողները  քաղաքական գործիչների կերպարներով կամ ծաղրանկարներով նրանց վերագրում են արտահայտություններ, որոնք նրանք չեն արել իրականում, տարածում են նարատիվներ, գովազդներ, որոնք ունկդրի մոտ առաջացնում են բարկության, տագնապի, վախի, ատելության զգացումներ։ «Ապատեղեկատվությունը կարող է փոխել ընթացք նրանց մոտ, ովքեր պակաս մեդիագրագետ են»,- ընդգծել է Անանյանը։

Ուշադրությունը որսացող շոկային և սենսացիոն վերնագրերը, միանման ուղղվածությամբ լուրերի ինֆորմացիոն փուչիկները կտրում են մարդկանց իրենց շուրջը կատարվող իրական իրադարձություններից և պահում հորինված իրականության, դավադրապաշտական տեսությունների աշխարհում և սրանց օրենսդրական զսպման մեխանիզմները դեռևս անկատար են։ Վարդուհի Անանյանը հավելել է՝ չնայած օրենքով վերահսկվում է ապատեղեկատվության դաշտը, սակայն կան բացեր։

Անվտանգային և աշխարհաքաղաքական վախերի վրա հիմնված նարատիվները իրենց մարմնավորումն են գտնում ատելության խոսքի և հակաքարոզչության միջոցով, հակառակորդին սևացնելու միտումով, որոնց արդյունքում ընտրողը որոշում է քվեարկել ոչ թե իր նախընտրած անձի օգտին, այլ՝ «ամենաշատ մերժելի» ուժի դեմ կամ որոշում է առհասարակ  չգնալ ընտրության։

Ի՞նչ են առաջարկում  մասնագետները՝ չլինել դյուրահավատ, օգտվել ինֆորմացիայի վստահելի և ակնողմնակալ աղբյուրներից, չգործել ազդեցության տակ, չհուսալքվել և անպայման օգտագործել 5 տարին մեկ ընտրելու ձեր բացառիկ իրավունքը։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Հերմինե Յավրյան և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։ 

Leave a Comment