ԱԺ ընտրություններին և հանրաքվեներին կկարողանան մասնակցել միայն վերջին երկու տարում առնվազն 366 օր ՀՀ-ում բնակված քաղաքացիները

ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու հնարավորություն ունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք մշտապես բնակվել են երկրում 730 օրից 366 օրվա ընթացքում՝ ընտրություններից 48 օր առաջ։ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը։ Հուլիսի 3-ին ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը խստացնում է քվեարկելու պայմանները՝ նպատակ ունենալով բացառել միայն քվեարկության համար արտերկրից Հայաստան զանգվածաբար ժամանելու պրակտիկան:

Նախագծի հեղինակները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանն են։  Նախագծի հիմնավորման համաձայն՝ նման սահմանափակում մտցնելու համար առիթ են հանդիսացել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները։

Նույնպիսի պահանջ է սահմանվում նաև Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար։ Այս դեպքում քաղաքացիները, բացի վերջին երկու տարում մեկ տարի Հայաստանում ապրելուց, պետք է նաև մինչև քվեարկության օրվա դրությամբ առնվազն 6 ամսվա հաշվառում ունենան տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում։

Օրենքը  սահմանում է բացառություններ այն քաղաքացիների համար, որոնց երկարատև բացակայությունը հարգելի է համարվում և չի հանգեցնում ընտրական իրավունքի կորստի։ Այդ խմբում են արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները, ծառայողական նպատակներով արտերկրում գտնվող հանրային ծառայողները, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում աշխատողներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամները։

Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment