Արտահերթ նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները

Հուլիսի 3-ին արտահերթ նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ներկայացվել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Քննարկվել են պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած առաջարկները, որոնք վերաբերում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերին: Կառավարությունն ընդունել է ներկայացված առաջարկները: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները, որոնք հեղինակել են պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանն ու Էսթեր Այվազյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծի լրամշակված տարբերակին:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով պատգամավորը առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծի լրամշակված տարբերակին:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հեղինակած ,Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասինե օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի նախագիծը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծին:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է պատգամավորներ Ալխաս Ղազարյանի եւ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնությունը լրամշակվել է, հստակեցվել է, թե ինչ է նշանակում «հիմնական մուտք» հասկացությունը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկման արդյունքում համալրվել է ««ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի եւ հարակից տարածքների զարգացման ու ներդրումների խրախուսման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով:

Առաջինից երկրորդ ընթերցում լրամշակվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն լրացվել է «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերով:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող 3 օրենսդրական նախաձեռնություն:

Պատգամավորների երդման տեքստում փոփոխություններ են առաջարկել կատարել պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանն ու Հասմիկ Հակոբյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկել է ձեւավորել Ազգային ժողովի պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ժամանակավոր հանձնաժողով: Լրացումները եւ փոփոխություններն առաջարկվում են կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:

Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Հայկ Կոնջորյանի, Սարգիս Խանդանյանի եւ Արուսյակ Մանավազյանի օրենսդրական նախաձեռնությամբ եւս առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում:

Մասնավորապես առաջարկվում է օրենքը լրացնել եւ նախատեսել, որ եթե առաջին նստաշրջանում խմբակցությունը չի իրականացնում թեկնածու առաջադրելու իր պարտադիր լիազորությունը, ապա Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցի քննարկմանը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքում եւ ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն հեղինակել են Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին:

Հանձնաժողովների արտահերթ նիստերում քննարկված օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաեւ ԱԺ՝ հուլիսի 3-ի արտահերթ նստաշրջանի նիստում:

Leave a Comment