Տարիներ շարունակ տեսողությունից զրկված մարդիկ մեկուսացած են եղել հասարակական ակտիվ կյանքից ու ընտրական գործըթացներից։ Տեղեկատվության պակասի և անմատչելիության վախի պատճառով արդեն հասակն առած մարդիկ նոր-նոր են քայլեր կատարում սոցիալական ներառման ուղղությամբ։ Որպեսզի հաղթահարվի հաշմանդամության պատնեշը, քաղաքացիների՝ իրենց ընտրական իրավունքի իմացության և իրացման համար, «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում Վանաձորի «Կատարսիս» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ում մայիսի 25-ին անցկացվել է ճանաչողական դասընթաց։
Դասընթացի մասնակիցներներին ներկայացվեցին ընտրական գործընթացի կազմակերպման կարգը, իրավական երաշխիքները, հստակ ընդգծվեց իրենց իրավունքներն ու իրավասությունների սահմանը։ Բանախոսները տվեցին իրավախախտումների բացատրությունը, խոսեցին քաղաքացիական հասարակության գործառույթների և անելիքների մասին, տվեցին մեդիագրագիտության գործիքներ հայկական մեդիա միջավայրում ապատեղեկատվության և քարոզչության տարբերակման համար։ Դասընթացի սկզբում և ավարտին ստուգեցին գիտելիքները:
Տեղեկատվության ստացման համար ի՞նչ աղբյուրներներից են օգտվում ներկաները, վստահում, թե՞ ստուգում են իրենց տեսածն ու լսածը լրատվության այլ հարթակներում։ Տարբերակում են արդյոք՝ ինչն է քարոզչությունը, ինչն է մանիպուլիացիան, վախի մթնոլորտի տարածումը, զրպարտությունը և ատելության խոսքը։ Դասընթացին անդրադարձ եղավ նաև այս հարցերին։
Դասընթացի խոսնակ, մասնագիտությամբ իրավաբան Տարոն Հարությունյանի գնահատմամբ մասնակիցների մոտ թե՛ իրավագիտակցության, և թե՛ իրենց իրավունքներից հասարակ տեղյակ լինելու աստիճանը բավականին ցածր է: Եվ քանի որ այս տարի թե՛ ազգային, թե՛ պետական մակարդակի կարևոր ընտրություններ են, ուստի քաղաքացիների իրազեկման լայնածավալ ծրագրերը, մասնավորապես այս ծրագիրը էական նշանակություն ունի: Սա բացառիկ հնարավորություն է մեկ վայրում համախմբելու և նրանց անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու տեսանկյունից։
«Կատարսիս» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ Վահան Սարգսյանը ներկայացրել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը ընտրական գործընթացների մշտադիտարկման և քաղաքացիական մասնակցության խթանման գործում։ Նա հատկապես կարևորեց խոցելի խմբերի համար ընտրական գործընթացների մատչելիության ապահովումը, նրանց կարիքների բավարարումը, իրավունքների լիարժեք իրացմանն առնչվող խնդիրների և առկա բացթողումների մասին բարձրաձայնումը։
«Քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը նպաստում է ընտրական գործընթացներին նրանց մասնակցության մոտիվացիայի աճին։ Անհրաժեշտ է, որ մարդիկ իմանան՝ ընտրական խախտումների դեպքում ում դիմել և ինչ քայլեր ձեռնարկել։ Կարևոր է նաև, որ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն այս ուղղությամբ ընդլայնեն իրենց գործառույթները և կիրառեն նոր, առավել արդյունավետ գործիքներ»,– նշել է նա։
Մասնագետների գնահատմամբ՝ վերջին տարիներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների համագործակցության շնորհիվ բարելավվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման պայմանները։ Նրանց խոսքով՝ այսօր ավելի մեծ հնարավորություն կա ընտրությանը մասնակցելու արժանապատիվ, ինքնուրույն, գաղտնի և առանց այլ անձի օգնության։
Այդ նպատակով ներդրվել են նաև բրայլյան կաղապարներ, որոնց միջոցով տեսողության խնդիրներ ունեցող ընտրողները կարողանում են շոշափելով գտնել նախընտրած քվեաթերթիկը, այն տեղադրել ծրարի մեջ և ինքնուրույն իրականացնել իրենց ընտրական իրավունքը։
Սակայն, Վահան Սարգսյանի խոսքով, նույնիսկ այս պայմաններում բոլոր ռիսկերը դեռևս բացառված չեն։
Նախաձեռնությունը գովելի է, բայց 100 տոկոսով չի ապահովում, որովհետև համենայն դեպս կան ռիսկեր քվեաթերթիկները ճիշտ դասավորելու և այլնի հետ կապված, դրա համար պետք է դիտարկել նաև էլեկտրոնային քվեարկության տարբերակը, ստեղծել այդ գործիքը ևս։
Գարեգին Խաչատրյանը այն եզակի մասնակիցներից է, ով տիրապետում է բրայլյան այբուբենին և կարող է օգտվել բրայլյան կաղապարներից։ Այդուհանդերձ, նախորդ ընտրությունների ժամանակ նա ընտրատեղամաս է գնացել կնոջ ուղեկցությամբ, քանի որ, ինչպես ինքն է նշում, այդպես ավելի վստահ է զգացել։
Նրա խոսքով՝ դասընթացին մասնակցելուց հետո ընտրական գործընթացների վերաբերյալ իր պատկերացումները վերաիմաստավորվել են, և այսուհետ ընտրատեղամաս կգնա ավելի տեղեկացված ու գիտակցված։ Գարեգին Խաչատրյանի գնահատմամբ՝ դասընթացը եղել է արդյունավետ և օգտակար։
Ռուզաննա Բախշյանը ևս գոհ է դասընթացից, ցանկություն հայտնում, որ իրենց համար՝ որպես խոցելի խմբի ներկայացուցիչների, ավելի հաճախ կազմակերպվեն նմանատիպ դասընթացներ։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Հերմինե Յավրյան և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։