![]()
Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որը փոփոխության է ենթարկելու «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը։
Նոր կարգավորումներով՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին սահմանվել են որպես ոչ աշխատանքային։ Ամրագրվում է նաև, որ կառավարությունն այլևս իրավունք չի ունենա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։
Մեռելոց օրերը հաջորդում են հետևյալ տոներին՝
Սուրբ Ծնունդ
Սուրբ Հարություն
Պայծառակերպություն (Վարդավառ)
Սուրբ Աստվածածնի վերափոխում (Խաղողօրհնեք)
Խաչվերաց
Քննարկման արդյունքում հստակեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա նշման կարգը։ Տոնը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը երկուշաբթի է, ապա նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը։
Հայ կինոյի օրը այսուհետ ապրիլի 16-ի փոխարեն կնշվի ապրիլի 13-ին։
Երկրապահի օրը վերանվանվել է «Երկրապահ-աշխարհազորայինի օր»։
Հայրերի օրը հունիսի 17-ի փոխարեն կնշվի հունիսի երրորդ կիրակի օրը։
Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերը տարանջատվել են․ հուլիսի 5-ը մնացել է Սահմանադրության օր, իսկ Պետական խորհրդանիշների օր է սահմանվել օգոստոսի 23-ը։
Ազգային փոքրամասնությունների համար, նրանց իսկ առաջարկով, կառավարությունը կկարողանա սահմանել ոչ աշխատանքային օրեր՝ իրենց ազգային տոները նշելու նպատակով։ Սահմանվել է նաև Մեսրոպ Մաշտոցի օր՝ փետրվարի 17-ին։
Տոնացույցում ավելացվել է Նավասարդը՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր, որը կնշվի օգոստոսի 11-ին։
Սահմանվել են Երևանի և մարզերի օրեր, որոնք կնշվեն սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր հստակ հերթականությամբ։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ