Կդադարեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայացուցչի պարտականությունների կատարումը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ եթե ընտրվի Ազգային ժողովի նախագահ, ապա կդադարեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պարտականությունների կատարումը։

Խոսելով նաև այն մասին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով իր գործընկեր Սերդար Քըլըչը հրապարակայնորեն շնորհավորել է իրեն, թեև նա դեռ չի ընտրվել ԱԺ նախագահ, Ռուբինյանն ընդգծել է, որ շնորհավորանքներ ստացել է նաև այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ նման շնորհավորանքները սովորական դիվանագիտական ժեստ են և չեն կարող մեկնաբանվել որպես որևէ արտաքին միջամտության կամ ազդեցության ցուցիչ։

Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ այս փուլում դեռ վաղ է խոսել Ազգային ժողովի աշխատակազմում հնարավոր փոփոխությունների մասին։ Նա ընդգծել է, որ այդ թեմային կանդրադառնա միայն այն ժամանակ, երբ դա համարի նպատակահարմար և համապատասխան պահը գա։

Ռուբինյանը նաև նշել է, որ ներկայում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը միայն որոշում է կայացրել առաջադրել իր թեկնածությունը։ Նրա խոսքով՝ այս պահին Ազգային ժողովն ունի գործող նախագահ և գործող աշխատակազմ, ուստի այլ փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալը վաղաժամ է։

Leave a Comment