Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ գործակալությունը հույս ունի առաջիկա շաբաթներին վերականգնել մուտքը Իրանի միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Գրոսիի խոսքով՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է 60-օրյա ժամկետ՝ համապարփակ համաձայնագրի հասնելու համար։ Նա ընդգծել է, որ փաստաթուղթը վերաբերում է ոչ միայն միջուկային ծրագրին, այլև Օրմուզի նեղուցով նավարկության ազատությանը, հրադադարի և տարածքային ամբողջականության հետ կապված հարցերին։
«Եթե այդ ժամկետում հաջողվի հասնել վերջնական համաձայնության, ապա հնարավոր կլինի սկսել գործնական աշխատանքը, որը կներառի նաև Իրանի միջուկային օբյեկտներ մուտքը»,- նշել է Գրոսին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը սահմանափակել էր համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և հայտարարել, որ կազմակերպության ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։
Նախորդ տարի Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա ռազմական բախումներից հետո տարածաշրջանում լարվածությունը մեծացավ։ Հակամարտությանը միացան նաև ԱՄՆ-ն՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին, ինչից հետո Իրանը պատասխան հրթիռային հարված իրականացրեց Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։ Հետագայում կողմերը համաձայնեցին հրադադարի շուրջ։