Այն երկիրը, որտեղ ուզում եմ ապրել – Ազգ

Կա մի հոգնածություն, որը հնարավոր չէ բուժել պարզապես քնով, կամ բժշկական հնարքներով: Դա խորը, էքզիստենցիալ հյուծվածություն է՝ ի տես այն մշտական հակամարտությունների, որոնք պառակտում են մեր աշխարհը: Ես հոգնել եմ մարդկային ագահության եւ նախանձի վրա հիմնված այս պոռթկումներից: Երազում եմ մի նոր աշխարհի մասին, մերժում եմ մարդկանց կողմից արհեստականորեն գծված արհեստական սահմանները: Ես փնտրում եմ մարդու իրական հայրենիքի տարածքը: Իմ աչքի առաջ արշալույսն է, գիշերն է, անտառները, սարերն ու ձորերը, դաշտավայրերն ու ծովերը, լուսինը, արեւը եւ պարզ երկինքը, տիեզերքը: Այս ամբողջը մեզ ցույց է տալիս, թե ինչքան անսահման է ե՛ւ մեր փոքրությունն ու մեծությունը, եւ՛ մեր անձեռնմխելի արժանապատվությունը, որը, ի դեպ, պետք է լինի միջանձնային հարաբերությունների միակ եւ գերագույն սահմանը:

Ստորեւ ներկայացված բանաստեղծությունը աշխարհից հրաժարականի տեքստ չէ, այլ արմատական ուտոպիայի նախագիծ: Տեքստը հրաժարվում է ազգային պաթոսից եւ հասարակական համակեցության նոր մոդել է ուրվագծում, որտեղ ուտոպիական տարածքը սահմանվում է ոչ թե աշխարհագրական, այլ բարոյական կոորդինատներով:

Տեքստի եւ իմ մտածողության կենտրոնական թեզը թաքնված է ճշմարտության մասին տողերում. «Տարածություն է այն մարդկանց միջեւ, ովքեր միմյանց սուտ չեն ասում»: Այստեղ բացահայտվում է հետեւյալը. ճշմարիտ քաղաքականությունն ու հասարակությունը ծնվում են հենց այս փխրուն միջանկյալ տարածության մեջ: Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ տիրում է խաբեության, ստի ու կեղծիքի իշխանությունը, որտեղ ճշմարտությունը դարձել է զուտ ռազմավարական փոփոխական: Իսկ իմ երազած երկրում խաբկանքից ու կեղծիքից հրաժարվելը, անկեղծությունն ու ողորմածությունը պետականակերտության գլխավոր նախապայմաններն են:

Այդ իսկ պատճառով բանաստեղծությունը մերժում եւ ապամոնտաժում է իշխանության ավանդական խորհրդանիշները: Իղձերի երկրին զինանշան պետք չէ, նրա դրսեւորումը հացն ու աղը եղբայրաբար կիսելն է: Նրա պաշտպանությունը ռազմական չէ, այլ հոգեւոր. դա հիշողությունն է ու գիտությունը, որն իր մեջ ենթադրում է նաեւ աստվածաճանաչությունը: Օրենքը ոչ թե բազմաէջ հատոր է, այլ հոր լռությունը, որը գիտակցում է՝ մարդը որեւէ մեկի սեփականությունը չէ, այլ սահմանվում է միայն այն անանց արժեքներով, որոնք փոխանցում է հաջորդներին: Լեզվի քերականությունը կրճատվում եւ հասնում է զուտ բարոյականի՝ հազար ու մի տեսակ «Այո»-ների եւ չարին ուղղված «Ոչ»-երի:

Ով ցանկանում է ոտք դնել այս երկիր, պետք է ոչ թե մաքսատուրք վճարի, այլ հանի «եսամոլության թագը»: Միայն մեկուսացնող, եսակենտրոն էգոյից հրաժարվելու դեպքում է հնարավոր այն խորը համերաշխությունը, որը ստիպում է յուրաքանչյուրին մասնակցել իր հարեւանի տան կառուցմանը, ոչ թե պարտադրանքով, այլ այն գիտակցումով, որ ամեն մարդ տանիքի, պաշտպանվածության, արժանապատիվ կյանքի կարիք ունի:

Իսկ վերջաբանում այս փիլիսոփայական վերացականությունը վերածվում է իսկական «Քարե պատարագի»՝ մարմնավորվելով հայկական տուֆի նյութականության մեջ: Տուֆը վերափոխման վերջնական փոխաբերությունն է: Կրակից ու ավերվածությունից ծնված հրաբուխները երկրաբանական ժամանակաշրջանների ընթացքում քար են դառնում: Եվ այդ քարից մարդու ձեռքով կերտվում է տուն, ամրոց եւ աղոթք: Սա հույսի ճարտարապետություն է. անգամ ամենամեծ ավերվածությունից հետո մենք կարող ենք մեր հակամարտությունների մոխրից նոր հիմք կառուցել՝ հասարակության համար, որը բառ առ բառ, քար առ քար հրաժարվում է ցինիզմից եւ սկսում է միասին կառուցել իր ներկան ու կերտել իր ապագան:
Այն երկիրը,

որտեղ ուզում եմ ապրել,

սահման չունի,

այն անսահման է:

Որովհետեւ մարդիկ են,

որ գծում են սահմաններ,

ոչ թե Տեր Աստված:

Այն երկիրը,

որտեղ ուզում եմ ես ապրել,

անսահման սեր է:

Տարածություն է

այն մարդկանց միջեւ,

ովքեր միմյանց

սուտ չեն ասում:

Ովքեր նեցուկ են միմյանց,

խնամատար ոգով են զարդարված,

սիրում են

ու ապրում հավատարիմ:

Զինանշան չունի երկիրն այդ:

Դրա կարիքն էլ ախր  չկա:

Նրա խորհրդանիշը հացն ու աղն է,

կիսվող ու բաժանվող եղբայրաբար:

Նրա պաշտպանությունը

գիտությունն է,

հիշողությունն է դարերի

ու այն մարդկանց,

որ գիտեն չկործանվել

ատելության ծովում,

պանդխտության հողում,

ցավի քամում, սիրո սովում:

Նրա օրենքը

բազմաէջ հատոր չէ:

Այլ լռությունն է հոր,

որ նայում է զավակին

եւ հասկանում.

«Ես ունեցվածքս չեմ,

Ես այն եմ, ինչ որ փոխանցեմ իրեն»:

Երկրի լեզուն ունի

մի այբուբեն՝

«Այո»-ների հազար ու մի տեսակ:

Եւ մի քանի «Ոչ»-եր

չարի ու չարության:

Իմ երազած երկրում

յուրաքանչյուրը մասնակցում է

իր դրացու տան կառուցմանը:

Ոչ թե դրդված ինչ որ մեկից:

Այլ այն գիտակցումից,

որ տանիքի կարիք

ունի ամեն մի մարդ:

Ով ոտք դնի

երկրում իմ երազած,

մի բան պարտի հանել իր վրայից:

Ոչ թե կոշիկ կամ վերարկու,

Այլ թագը եսամոլության պիտի հանի:

Այսպես ամեն ինչ

հեշտանում է:

Այսպես հողն

ավելի է հաստատուն դառնում:

Այսպես տուֆից

կերտվում է այն,

ինչ տուֆը միշտ գիտեր.

Հրաբուխները

ավերակներից հետո

քար են դառնում:

Իսկ քարը՝

տուն, ամրոց, աղոթք:

ՏԻՐԱՏՈՒՐ ՔԱՀԱՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Leave a Comment