Ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, կարծում են, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման ուղղությունը լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում միության համար։ ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ոչ միայն Ռուսաստանի, այլև մեր դաշնակիցները՝ Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը, նույնպես կարծում են, որ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման գործընթացի սկիզբը լուրջ ռիսկեր է ստեղծում Եվրասիական տնտեսական միության մյուս չորս անդամների տնտեսական անվտանգության համար», – նշել է փոխնախարարը։
Գալուզինի խոսքով՝ այս երկու ինտեգրացիոն միավորումները սկզբունքորեն անհամատեղելի են։ «Եվրասիական տնտեսական միությունը արմատապես, սկզբունքորեն և ամբողջությամբ տարբերվում է Եվրամիությունից իր կարգավորող և օրենսդրական շրջանակով», – ընդգծել է նա։ Հետևաբար, ԵՄ-ին անդամակցության գործընթացի սկիզբը այն երկրի համար, որը մնում է ԵԱՏՄ անդամ, «ինքնին անընդունելի է Ռուսաստանի համար», – հավելել է փոխնախարարը։
Գալուզինը նշել է, որ Հայաստանից Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ արտահանման, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի բաժինը կազմում է տասնյակ տոկոսներ, իսկ որոշ ապրանքների համար՝ մոտենում է 90-100%-ի։ Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է «բացատրի երկրի բնակչությանը, թե ինչ նախապատվություններ կկորցնի Եվրամիությանը անդամակցելու դեպքում»։ Դիվանագետը նաև ընդգծել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կանցկացնի հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները կկարողանան քվեարկել ԵՄ անդամակցության հեռանկարի վերաբերյալ։