Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կորեայի Անտառային ծառայության նախարար Լիմ Սանգ-Սոպի հետ։
Քննարկվել են անտառների պահպանության և վերականգնման, անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման, կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության նկատմամբ անտառների դիմակայունության բարձրացման, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Նախարարը նշել է, որ Կորեան անտառվերականգնման ամենահաջողված օրինակներից է և այդ փորձը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Հայաստանի համար՝ մեր երկրում անտառածածկույթի ընդլայնման, դեգրադացված տարածքների վերականգնման և ժամանակակից մոնիթորինգի համակարգերի ներդրման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման ժամանակակից մեխանիզմներին, արհեստական բանականության, արբանյակային դիտարկումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը անտառների կառավարման ոլորտում։
Նախարարը կարևորել է ուղղություններով փորձի փոխանակումն ու մասնագիտական համագործակցության խորացումը։
Նախարարն ակնկալում է Կորեայի ակտիվ մասնակցությունը COP17-ին, քանի որ անտառային էկոհամակարգերի պահպանումն ու վերականգնումը Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման առանցքային ուղղություններից են։
Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի անտառային տնտեսության, գիտության, նորարարական տեխնոլոգիաների և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։
