Ֆոն դեր Լայեն․ ՀՀ արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից

Ֆոն դեր Լայեն․ ՀՀ արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից

2 հուլիսի 2026 – 16:17 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի արտահանման մոտ 80%-ը ԵՄ շուկայում կարող է ազատվել մաքսատուրքից, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:

Նա նաև ասել է, որ դուռ կբացվի հայկական խմիչքների և ոգելից խմիչքների Եվրոպական Միության միասնական շուկա արտահանման համար, հայտնում է Factor.am-ը:

«Ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել: Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ՝ Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում: Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն անցյալ տարի պատմական իրադարձություն էր՝ ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում:

Նույնը վերաբերում է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին շարունակական կարգավորմանը: Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն և առաջնորդություն, և ես գիտեմ, որ դրա պտուղները տպավորիչ կլինեն, բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, այն կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում:

Եվ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք այս տեսլականն իրականություն դարձնել։ Ահա, թե ինչու ես հայտարարեցի նոր՝ 200 միլիոն եվրոյի, գլոբալ դարպասների փաթեթը՝ ուղղված փոխկապակցվածության միջոցով խաղաղության հաստատմանը։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք ստորագրել՝ ընդհուպ մինչև երկու միլիարդ եվրո հատկացնելու փաթեթը՝ ամբողջ Հարավային Կովկասում ռազմավարական տրանսպորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների և թվանշային պրոյեկտների համար։

Այն կարող է սատարել Հայաստանում ընթացքում գտնվող և նախապատրաստվող ծրագրերին, ներառյալ սահմանային անցակետերը և ճանապարհային ենթակառուցվածքը: Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք»,-ասել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է, որ հայտարարել է նաև 20 միլիոն եվրո խաղաղությանը նպաստող ծրագրի մասին, որը նպատակ է հետապնդում օգտագործել այն համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են:

«Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում և նաև նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև երկխոսություն սահմանելու համար: Այդ փաթեթը թույլ կտա համայնքներին խաղաղության շոշափելի աղբյուրները վայելել, որպեսզի խաղաղությունը խարսխվի այս սերնդի և հաջորդ սերնդի սրտերում և մտքում։

Անդրադառնալով ձեր երկրի իրավիճակին, ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական Միությունն առաջ է գալիս, քայլ է անում, և ես այստեղ մի քանի բան ունեմ հայտարարելու:

Նախ և առաջ՝ դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնություն՝ ամրացնելու և բազմազանեցնելու ձեր առևտուրը: Ֆինանսավորումը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն: Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։

Երկրորդը, մենք ևս մի քայլ ենք անում, մենք առաջարկ ենք ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցների: Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80% տոկոսը դեպի Եվրոպական միություն: Սա նշանակում է, որ ձեր առևտրի 80%-ը մեզ հետ է, այժմ սակագների ենթակա չի լինի:

Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղվում ռուսական շուկայի վրա և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ:

Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգի և բուսական ծագման արտադրանքների համար, որոնք մինչ այդ Ռուսաստան էին արտահանվում, դուռը բացելով ձեր խմիչքների և ոգելից խմիչքների Եվրոպական Միության միասնական շուկա արտահանման համար։

Փաստորեն, վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի և ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ներկրմանը մեր շուկա, և սա գեղեցիկ խորհրդանիշ է նոր գլուխ բացելու մեր տնտեսական գործընկերության մեջ։ Սա ընդամենը սկիզբն է։ Այս նոր միջոցների արդյունքում դուք, մենք միջոցներ կունենանք բազմազանեցնելու և արագ բազմազանեցվելու»,-ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա հավելել է, որ հուլիսի կեսին ԵՄ-ն փորձագետներ կուղարկի Հայաստան՝ աշխատելու արտադրողների հետ, ձեռնարկությունների և արտահանողների հետ՝ օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք Եվրամիության հետ արտոնյալ գործընկերություն կարող է առաջարկել։

Համատեղ ասուլիսի ավարտին Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատասխանել են նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։

Leave a Comment