Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին օրակարգ բերելը, թեկուզ աշխարհաքաղաքական պատճառներով պայմանավորված, կարևոր քայլ է, քանի որ այն նորից միջազգային ուշադրության կենտրոնում է պահում պատմական արդարության թեման։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ Նժդեհ Գարագավորյանը։
«Թեկուզ դրդապատճառը Թուրքիայի և Իսրայելի միջև աշխարհաքաղաքական լարվածությունն է, բայց և այնպես, կարևոր է, որ կրկին խոսվի Հայոց ցեղասպանության հարցի մասին, և այն նորից հայտնվի միջազգային քաղաքական օրակարգում»,- ասել է նա։
Գարագավորյանի խոսքով՝ այսօր Հայոց ցեղասպանության հարցը հաճախ օգտագործվում է նաև որպես աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական գործիք, սակայն դա չի փոխում դրա պատմական հիմքը։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները փորձում են նվազեցնել ցեղասպանության հարցի ներկայությունը միջազգային քաղաքական օրակարգում, մինչդեռ Իսրայելում ընթացող զարգացումները հակառակ միտումն են ցույց տալիս։
«Ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Արցախի հարցում աշխարհաքաղաքական շահերը կարող են ազդել գործընթացների վրա, սակայն դրանց հիմքում միշտ պետք է լինեն պատմական ճշմարտությունն ու արդարության պահանջը»,- ընդգծել է ՀՅԴ անդամը: