Նախաձեռնությամբ առաջարկվում է Կառավարության իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի հաստատման լիազորություն, պետական կառավարման լիազոր մարմինների իրավասություններում սահմանել հանրային կրթության ծրագրի մշակման ու իրականացման, ինչպես նաեւ կենդանիների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանը միտված, տնային եւ թափառող կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորմանն ուղղված կրթական ծրագրերի մշակման ու իրականացման լիազորություն: Այս մասին ասել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Նա առաջին ընթերցմամբ ներկայացրել է իր եւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի ու Էսթեր Այվազյանի հեղինակած ««Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Զեկուցողի խոսքով պարտադիր հաշվառմամբ է փոխարինվում ՏԻՄ-երի կողմից կենդանի պահելու թույլտվության տրամադրման ընթացակարգը: Պատգամավորը խոսել է վերարտադրության սահմանափման ծրագրի հստակ շրջանակի սահմանումից, այն է՝ բռնում, ստերջացում, պատվաստում, վերադարձ նույն տարածք:
Նախաձեռնությամբ հասարակական կազմակերպությունների համար բոլոր տեսակի կացարաններում հասարակական մշտադիտարկում իրականացնելու հնարավորություն է սահմանվում: Հասարակական կազմակերպությունների համար նախատեսվում է նաեւ վարչական դատարան հայցերի ներկայացման հնարավորություն: Սահմանվում է կացարանների կողմից հրապարակային հաշվետվությունների ներկայացման պարտադիր պահանջ:
Զեկուցողը բարձրաձայնել է առաջարկվող այլ փոփոխությունները: Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախաձեռնությունը լրամշակվել է Կառավարության եւ իր կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:
Օրինագծերի փաթեթը քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի արտահերթ նիստում եւ ստացել դրական եզրակացություն: