Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Shantnews-ի հարցին ի պատասխան անդրադարձել է Հայաստանի համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացին։
«Հայաստանը միակ գործընկերն է, որը ներկայում վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է Եվրամիության հետ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը։ Մենք ապրիլին հրապարակեցինք առաջընթացի գործողությունների ծրագրի զեկույցը։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրակարգին, շնորհակալություն ենք հայտնում դրա համար, շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը, և գիտեմ, թե դա որքան կարևոր է Հայաստանի համար։ Գնահատման նոր առաքելություններ կգան, այս աշնանը նոր առաքելություն կգա՝ մնացած հենանիշների ուղղությամբ առաջընթացը և պրոցեսները գնահատելու համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա հավելել է.
«Դուք լավ ուղու վրա եք, դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, ես գիտեմ։ Բոլոր անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել վիզաներից ազատ ռեժիմին։ Պարզապես անհրաժեշտ են որոշ բարեփոխումներ, երբ դրանք ավարտվեն, դուք կհատեք վերջնագիծը»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը խնդիր ունի երկու տարում ավարտին հասցնել գործընթացը։ Նա հույս է հայտնել, որ արդեն 2029 թվականին Հայաստանը կունենա Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմ։
«Շատ բան մեզնից է կախված, և հարցերը պետք է շատ դեպքերում ոչ թե Եվրամիությանը տալ, այլ ինքներս մեզ, թե ինչքանով ենք պատրաստ և ինչ որակով բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը և այդ թվում այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում։ Իհարկե, մենք չենք կարող այս հնարավորությունը բաց թողնել, և հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ և արդյունավետ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։