Իրավապահները Բագրևանդ թաղամասում կիբեռխարդախությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն են բացահայտել, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ իրավապահների՝ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ այդ տարածքում իրականացրել են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել են խմբի անդամների ինքնությունները, քանակն ու աշխատանքային գրաֆիկը։ Տարածքի մուտքն օտար անձանց համար սահմանափակելու նպատակով հատուկ պահպանություն է սահմանվոլ։ Ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հունիսի 15-ին իրականացված անակնկալ խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են թվային կրիչներ, ձեռագիր գրառումներ, օտարերկրյա նույնականացման քարտեր, բջջային հեռախոսներ ու հեռախոսահամարներ։ Բացի այդ, խմբի անդամներից մեկի մատնանշմամբ շինություններից մեկում հայտնաբերվել է երկու ատրճանակ և փամփուշտներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։
Ներկայումս Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունն ակտիվ համագործակցում է Եվրոպական միության անդամ պետությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ՝ ենթադրյալ հանցավոր գործունեության, դրա իրականացման մեխանիզմների, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելու, դրանք վերլուծելու և նախաքննություն իրականացնող մարմնին փոխանցելու նպատակով։
Մայիսին ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել էր իբեռհափշտակությունների շղթա և դրանց իրականացման փոխկապակցված սխեմաների բացահայտման մասին։
