Բջջային հեռախոսների նոր համակարգը՝ վերահսկո՞ւմ, թե՞ շուկայի կարգավորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բջջային հեռախոսների նոր համակարգը՝ վերահսկո՞ւմ, թե՞ շուկայի կարգավորում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մինչ մասնագիտական շրջանակները մտահոգություն էին հայտնում, կառավարությունը պարզաբանումներ է ներկայացրել՝ պնդելով, որ նախագծի նպատակն է նվազեցնել ապօրինի ներմուծված հեռախոսների շրջանառությունը, ապահովել արդար մրցակցություն օրինական ներմուծողների համար, պաշտպանել սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով սարքերից և ստեղծել հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։ Իշխանությունները նաև վստահեցնում են՝ նախաձեռնությունը չի վերաբերում քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրմանը կամ վերահսկողությանը։

Որքանո՞վ են այս պարզաբանումները փարատել մասնագիտական համայնքի մտահոգությունները։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ խնդիրը միայն տեխնիկական չէ։ Նրա դիտարկմամբ՝ միջազգային փորձը ևս միանշանակ չէ.

«Առաջին կարևոր բանն այն է, որ միջազգային փորձը, առնվազն, էսպես է. ԵԱՏՄ երկրները ու մի շարք բռնապետություններ, օրինակ՝ Ադրբեջան, Թուրքիա, ներդրել են էս համակարգը։ Եվրամիությունում, հակառակը, սա չկա։ Եվ մյուս մտահոգությունն այն է, որ ինչ-որ մի հարց լուծելու համար անհամաչափ տվյալների հավաքագրում է արվում։ Ընդ որում, սա խնդիր է, որը վերաբերում է բոլորին, անխտիր, ու, ցավոք սրտի, նորմալ հանրային քննարկումներ չեն արվել, մինչև սա մտնի կառավարություն»։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի կարծիքով՝ ամենամեծ խնդիրը հենց հաղորդակցության բացակայությունն էր։ Նրա համոզմամբ՝ հանրությունը նախաձեռնության մասին տեղեկացավ արդեն այն փուլում, երբ նախագիծը ներկայացվեց վարչապետի մակարդակով, ինչն էլ առաջացրեց լայն արձագանք.

«Եթե ի սկզբանե նման հստակ հաղորդակցություն լիներ, մենք այսպիսի բուռն հակազդեցության չէինք հանդիպելու»։

Պապյանի խոսքով՝ ցանկացած նման նախաձեռնություն անխուսափելիորեն առաջացնում է անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հարցեր, քանի որ բջջային հեռախոսը մարդկանց համար ամենազգայուն անձնական սարքերից մեկն է.

«Հեռախոսը մարդիկ ընկալում են որպես չափազանց անձնական մի գործիք։ Մարդիկ կարող է իրենց մտերիմների ինչ-որ բաներ չվստահեն, բայց հեռախոսի նշումների բաժնում կարող է շատ իրենց համար կարևորագույն, կոնֆիդենցիալ տվյալներ ունենան։ Եվ հեռախոսը չափազանց զգայուն թեմա է։ Անխուսափելի էր, որ դա նման մտահոգություններ բարձրացնելու է, մանավանդ որ օրենքում եղած ձևակերպումները այնքան էլ հստակ չէին»։

Մասնագետը նշում է՝ եթե համակարգում պահպանվի միայն օրինական IMEI համարների ցանկը, ինքն այդտեղ մեծ խնդիր չի տեսնում։ Սակայն կարևոր է բացառել, որ այդ տվյալները հետագայում կապվեն անձնական տվյալների, SIM քարտերի, անձնագրային կամ տեղորոշման տեղեկատվության հետ.

«Եթե դա ուղղակի, էսպես ասած, օրինական IMEI-ների ցուցակ է, ես էդտեղ առանձնապես մեծ խնդիր այս պահին չեմ տեսնում։ Բայց մենք պիտի համոզվենք, որ վաղը, մյուս օրը, այդ տվյալը չի հարստացվի հավելյալ անձնական տվյալներով, էդ IMEI-ները չեն կապվի անձնական, լոկացիայի տվյալների, հեռախոսային SIM քարտերի, անձնագրային տվյալների հետ»։

Պապյանի խոսքով՝ քաղաքացիները նաև ակնկալում են պատասխաններ տեխնիկական մի շարք հարցերի վերաբերյալ՝ ինչպես է աշխատելու համակարգը, ինչ կլինի արդեն օգտագործվող սարքերի դեպքում, ինչպես են հաշվառվելու այլ սարքերում օգտագործվող SIM քարտերը, ինչպես է պաշտպանվելու տվյալների բազան և ինչ քայլեր կձեռնարկվեն հնարավոր կիբերհարձակման դեպքում։

Մինչդեռ կառավարությունը վստահեցնում է՝ նախաձեռնության նպատակը բացառապես ապօրինի ներմուծված սարքերի շրջանառության վերահսկումն է, իսկ համակարգը կապ չի ունենալու քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment