Ֆրանսիայի հավաքականը դարձել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին թիմը, որը անընդմեջ հինգ խաղում երեք և ավելի գոլ է խփել։ Հուլիսի 1-ին ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչում ֆրանսիացիները 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարան Շվեդիայի նկատմամբ։ Մինչ այդ նրանք մրցաշարի խմբային փուլում հաղթել էին Նորվեգիային (4:1), Իրաքին (3:0) և Սենեգալին (3:1)։
Այս հաղթանակով Ֆրանսիան շարունակեց գոլառատ հանդիպումների շարքը, որը սկսվել էր դեռևս 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում։ Թեև այդ խաղում ֆրանսիացիները հիմնական և լրացուցիչ ժամանակում 3:3 հաշվից հետո պարտվել էին Արգենտինային՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (2:4), այն նույնպես ընդգրկվել է այս պատմական ցուցանիշում։ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի հաջորդ մրցակիցը կլինի Պարագվայի հավաքականը։ Հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին՝ Երեվանի ժամանակով 01:00-ին։
