Իրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը. քաղաքագետ

Իրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը. քաղաքագետ

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը «հիանալի դիրքում» է գտնվում՝ անկախ նրանից, թե ինչպես կընթանան Իրանի հետ բանակցությունները։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած զարգացման և պահպանում է ուժեղ դիրք՝ թե՛ բանակցությունների հաջողության, թե՛ դրանց ձախողման դեպքում։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը։

-Դժվար է միանշանակ պատասխանել՝ արդյո՞ք Վենսի հայտարարությունը հոգեբանական բնույթ է կրում, փորձում է հոգեբանական առումով Իրանին ճնշել, թե՞ իրոք այս պահին ԱՄՆ-ն այնքան լավ վիճակում է գտնվում շախմատային խաղատախտակի վրա, որ կարող է Իրանին ստիպել լուրջ զիջումների գնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Մի բան ակնհայտ է, որ թե՛ Իրանը և թե՛ Միացյալ Նահանգներն այս պահին ուզում են, որ բանակցություններ լինեն և համաձայնության գան, որովհետև երկու կողմերին էլ ձեռնտու չէ պատերազմը։ ԱՄՆ-ը զգալի ֆինանսական միջոցներ է վատնել ամիսներ առաջ տեղի ունեցած Իրանի հետ պատերազմում, նաև ամերիկյան ռազմուժն է լուրջ կորուստներ ունեցել, հատկապես Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներում։ Եվ նույնը կարելի է ասել նաև Իրանի դեպքում, և այս պահին երկու կողմերի շահերից էլ բխում է ավելի շատ բանակցություններ անցկացնելը, համաձայնության գալը, գործարք կնքելը, քան պատերազմելը։

-Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի «ոչնչացված է» պնդումը որքանո՞վ է համապատասխանում իրական իրավիճակին։

-Այս պահին, այո, Իրանի միջուկային օբյեկտներին ահռելի վնաս է հասցված։ Մի մասը վերածված է, գրեթե գետնի վրա գտնվող բոլոր միջուկային օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել, բայց նաև պետք է նկատել, որ Իրանի միջուկային օբյեկտների մի մասը գետնի տակ է, և, այսպես, շատերի կարծիքով, Իրանը ի զորու է մեկ-երկու տարում լրիվ վերականգնել այդ ենթակառուցվածքները։ Դրա համար, այո, միջուկային օբյեկտներին կարելի է ասել՝ լուրջ վնաս է հասցվել, բայց չկա երաշխիք, որ Իրանի միջուկային ծրագիրը չի վերականգնվելու, և Իրանը մի քանի տարի անց չի վերսկսի իր միջուկային գործունեությունը։ Դրա համար ԱՄՆ-ն փորձում է գործարքի միջոցով ամրագրել դա, որ Իրանը չունենա կամ չփորձի միջուկային զենք ստեղծել։ Այնպես որ, սա էլ միանշանակ չէ, բայց Իրանը ունի այն գիտական և մյուս բոլոր պոտենցիալը՝ մի քանի տարում վերականգնելու միջուկային ենթակառուցվածքները և շարունակելու ուրանի հարստացումը։

-Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքները որքանո՞վ են մեծացնում ռազմական բախման ռիսկը։

-Կարծում եմ՝ Հորմուզի նեղուցի հարցը ԱՄՆ-ի համար կարմիր գիծ է, և այստեղ ԱՄՆ-ն զիջումների չի գնա։ Իրանն էլ, հավանաբար, դա հասկանում է և փորձում է ամեն դեպքում իր գինը բարձրացնել, բայց կարծում եմ՝ Թեհրանը տեղի կտա, որովհետև Հորմուզի նեղուցը փակելը նաև միջազգային իրավունքի տեսանկյունից է խնդրահարույց։ Որովհետև եթե միջուկային էներգիա ստեղծելը, ուրանի հարստացումը Իրանի ներքին գործն է, ինքնիշխանության դրսևորումներից մեկն է, ապա Հորմուզի նեղուցի մասով նույնը չենք կարող ասել։ Քանի որ այստեղ դա նաև միջազգային իրավունք է խախտում, երբ նեղուց է փակվում կամ վճարներ են ստացվում դրա դիմաց։ Կարծում եմ՝ Իրանը տեղի կտա և ամբողջովին այլևս կբացի այդ նեղուցը, չնայած արդեն տեղեկություններ կան, որ բավականին մեծ քանակությամբ նավեր են անցնում։ Չնայած մյուս կողմից էլ Իրանը և Օմանը փորձում են հասնել նրան, որ այդ նավերը վճարեն իրենց։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ ԱՄՆ-ն երբեք չի համաձայնվի, որ Հորմուզի նեղուցը դառնա Իրանի սեփականությունը, և այնտեղով անցնող նավերից գումարներ գանձվեն։ Կարծում եմ՝ Իրանն էլ տեղի կտա և որոշ ժամանակ հետո այլևս գումարներ չի վերցնի այդ նեղուցով անցնող նավերից, չնայած, եթե կրկին պատերազմական սպառնալիք լինի, Իրանը կօգտագործի այդ լծակը և նորից կփակի Հորմուզի նեղուցը։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment