Իրանում Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 850 բանտարկյալի ներում կշնորհեն – armeniatoday.am

Իրանի իշխանությունները փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունների օրերին համաներում են շնորհել առնվազն 850 բանտարկյալի, որոնք կատարել են մանր հանցագործություններ, Tasnim-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իրանի Դրամական փոխհատուցումների վճարման ժողովրդական շտաբի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սեյեդ Ասադոլլա Ջուլային:

«Չկանխամտածված հանցագործությունների համար դատապարտված 850 բանտարկյալի ազատ արձակմանն աջակցելու համար կիրակի օրը պետական ​​և հասարակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հատուկ նիստում քննարկվել են բոլոր 31 նահանգներից ստացված գործերը:

Արդյունքում ընդունվել է որոշում 520 անձանց ազատ արձակելու մասին, որոնք բանտարկված են ֆինանսական պարտավորությունների հարցերով, ինչպես նաև 330 դատապարտյալի՝ այլ գործերով, որոնք կապված են ամուսնական պայմանագրերի և ալիմենտների վճարման հետ»,- ասել է նա։

Իրանի զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեի հրաժեշտի արարողությունները Թեհրանում կսկսվեն հուլիսի 3-ից:

Սգո միջոցառմանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ, որոնք կժամանեն առնվազն 30 երկրից: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կմասնակցի հուղարկավորությանը։

Խամենեիի հոգեհանգստի արարողությունը մեկնարկելու է հուլիսի 4-ին և կշարունակվի մինչև հուլիսի 9-ը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ մասնակցելու են մի շարք հարևան պետությունների ղեկավարներ։ Հուղարկավորության շարքային մասնակիցների թիվը կարող է հասնել մինչև 35 միլիոնի։

Խամենեին մահացել էր փետրվարի 28-ին՝ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով:

Leave a Comment