57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում

57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում

Իրաքում իրականացված լայնածավալ հակակոռուպցիոն գործողության շրջանակում տեղական և միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ պատգամավոր Հինդ ալ-Աբասիի տանը կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 57 միլիոն ԱՄՆ դոլար կանխիկ գումար, 27 կիլոգրամ մաքուր ոսկի, ինչպես նաև ոսկեզօծ ներքնազգեստ։

Հաղորդվում է, որ գործի շրջանակում ձերբակալվել է 47 կասկածյալ, որոնց թվում են խորհրդարանի պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և պետական ծառայողներ։ Ըստ հրապարակումների՝ քննությունը շարունակվում է և կարող է ընդգրկել նոր անձանց։

Միաժամանակ Իրաքի պաշտոնական կառույցները դեռևս չեն հաստատել պատգամավոր Հինդ ալ-Աբասիի տանը կատարված խուզարկության և այնտեղից առգրավված գույքի վերաբերյալ տեղեկությունները։ Թեև նրա պատգամավորական կարգավիճակը հաստատվում է Իրաքի խորհրդարանի պաշտոնական կայքում, գործի մանրամասների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն առայժմ չի հրապարակվել։

Ըստ հաղորդագրությունների՝ գործողություններն իրականացվել են Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդիի կառավարության նախաձեռնած լայնածավալ հակակոռուպցիոն արշավի շրջանակում։ Գործողությունների թիրախում են հայտնվել խորհրդարանի պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և պետական ծառայողներ։ Անվտանգության ուժերը վաղ առավոտյան խուզարկություններ են իրականացրել մի շարք հասցեներում, հիմնականում՝ Բաղդադում։

Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների թվում են առնվազն յոթ պատգամավոր և բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Քննության ընթացքում, ըստ հրապարակումների, առգրավվել են միլիոնավոր դոլարների կանխիկ գումար, ոսկի, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։

Leave a Comment