ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում հավանություն է տվել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որը ենթադրում է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում բժշկական հետազոտություն անցնել կամ նմուշ տրամադրել հրաժարվող զորակոչիկների և այլընտրանքային ծառայողների համար։
Նախագծի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է։ Նա հարցի անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ կարիք կա օրենսդրորեն լուծել առողջական վիճակի կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա զորակոչից կամ վարժական հավաքից ազատվելող կամ տարկետում ստանացող քաղաքացիների խնդիրը։
Նա օրենքի փոփոխությունները բացատրել է այն հանգամանքներով, որ երբեմն զորակոչից ու վարժական հավաքից խուսափելու համար հարուցված վարույթի ընթացքում քաղաքացիները հրաժարվում են նշանակված առողջության հետազոտություն անցնելուց կամ նմուշ տալուց։
Ալեքսանյանը առաջարկել է սահմանել պատիժ՝ 1-3 տարի ժամկետով:
Առաջարկվող օրենսդրական լուծումն, ըստ հեղինակի ու հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի, կնպաստի կեղծ հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերի նվազմանը, հնարավորություն կընձեռի արդարացի քրեաիրավական գնահատականի:
Հանձնաժոովը դրական է քվեարկել նախագծի օգտին և հարցը կդրվի ԱԺ արտահերթ լիագումար նիստի քննարկմանը։ Իսկ կառավարության առաջարկները ԱԺ-ն կքննարկի առաջին ու երկրորդ ընթերցումների միջակայքում:
