Սահմանադրական դատարանում 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումների հիման վրա ընտրությունների արդյունքների վիճարկման գործով եզրափակիչ ելույթների փուլում հանդես է եկել նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը: Իր խոսքում նա ամփոփել է ընդդիմության առանցքային պնդումներն ու ներկայացրել պաշտոնական վիճակագրական տվյալներ՝ նախընտրական շրջանում վարչական ու պետական ռեսուրսի անխնա օգտագործման վերաբերյալ:
Մինասյանն ընդգծել է, որ տեղի ունեցած գործընթացը ոչ թե դասական ընտրություններ էր, այլ անհավասար պայքար պետական ապարատն իրեն վերագրած իշխող ուժի և մյուս քաղաքական միավորների միջև, որի ընթացքում ոտնահարվել են քաղաքացիների թե՛ անհատական և թե՛ հավաքական քաղաքական իրավունքները:
«Մեր բոլոր փաստարկները, մեր բոլոր ապացույցներն ու պնդումները՝ այդպես էլ մենք չտեսանք ողջամիտ հակափաստարկներով… առարկայական հակադարձում, ավելին՝ նույնիսկ առանձին դեպքերում հաստատվում էին մեր այդ պնդումները»,- նշել է Մինասյանը։