Վեցերորդ օրն է, ինչ ՍԴ-ն քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ ԿԸՀ նախագահը անդրադառնալով ԲՀԿ փաստաբան Հովհաննես Խուդոյանի կողմից երեկ արված դիտարկմանը, հերքեց ընտրողների թվի տարբերությունը։
Հիշեցնենք, որ Խուդոյանը հայտարարել էր, որ ստորագրված մատյանները ԿԸՀ-ի հրապարակած մասնակցության տվյալների հետ համադրելուց հետո սկզբում շուրջ 27 հազար ստորագրության տարբերություն են հայտնաբերել։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի պարզաբանումից հետո, ըստ որի՝ տարբերության մի մասը վերաբերում է գաղտնի ցուցակով քվեարկած զինծառայողներին և կալանավայրերում գտնվողներին, դեռ 4-5 հազար ընտրողի անհամապատասխանություն է մնացել։ Խուդոյանը չէր բացառել, որ դրա պատճառը կարող է լինել քվեաթերթիկների հնարավոր լցոնումը կամ ընտրական գործընթացի վերահսկման թերությունները։
Այսօր Սահմանադրական դատարանը կավարտի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճի դատաքննությունը և կհեռանա խորհրդակցական սենյակ։ Ընտրական գործընթացի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է հրապարակվի ամենաուշը հուլիսի 4-ին։