Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է Երևանի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում գտնվող ևս մեկ գույքի նկատմամբ կրկին ճանաչել հանրության գերակա շահ և Երևանի քաղաքապետին լիազորել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի հետ կնքել սեփականության օտարման գործընթացին վերաբերող պայմանագիր։Նախագծի անհրաժեշտությունը։
Նախագծի անհրաժեշտությունը
Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում թվով 1 գույքային միավորի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու համար անհրաժեշտ է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր, քանի որ համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի /այսուհետ` Օրենք/ 7-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության ձեռքբերողը պետությունը չէ, ապա բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշմանը կցվում է համապատաuխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրը, որով uահմանվում են uեփականության oտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատաuխանատվությունը: Եթե ձեռքբերողը Երևանի համայնքը չէ, և եթե oտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա ՀՀ կառավարությունն իրավունք ունի uույն մաuով նախատեuված՝ պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպեu պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին: Այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1528-Ն և 28.08.2025թ. N 1218-Ն որոշումներով /այսուհետ՝ Որոշում/ հանրության գերակա շահ ճանաչված՝ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքը /այսուհետ՝ Տարածք/ ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների: Տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Գլխավոր պողոտան:
Որոշմամբ (նախկինում նաև 19.02.2009թ. N 168-Ն որոշման հավելվածի 7-րդ և 11-րդ կետերով և 20.11.2008թ. N 1405-Ն որոշման հավելվածի 16-րդ և 18-րդ կետերով, 29.08.2013թ. N 945-Ն, 25.02.2016թ. N 277-Ն, 01.06.2017թ. N 585-Ն որոշումներով) Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ, և տարածքների ձեռքբերող է ճանաչվել «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն:
ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1528-Ն որոշմամբ օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետ է սահմանվել Որոշումը ուժի մեջ մտնելուց 5 տարի, որը լրացել է 2023թ. դեկտեմբերի 12-ին, իսկ 28.08.2025թ. N 1218-Ն որոշմամբ օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետ է սահմանվել որոշումը ուժի մեջ մտնելուց 18 ամիս ժամկետը, որը լրանում է 07.03.2027թ-ին:
Ընդհանուր առմամբ Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում առկա է եղել մոտ 151 գույք: ՀՀ կառավարության 27.12.2018թ. N 1528-Ն որոշմամբ կայացման պահին տարածքում առկա է եղել արդեն 49 միավոր գույք («Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի N 1528-Ն որոշման հիման վրա կազմվել է թվով 49 գույքի նկարագրության արձանագրություն) և ՀՀ կառավարության 28.08.2025թ. N 1218-Ն որոշմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել ևս 4 միավոր գույքի նկատմամբ:
«Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն իր 08.01.2026թ. գրությամբ հայտնել է, որ Որոշման կատարման շրջանակներում օտարման առաջարկները ներկայացվել են Որոշմամբ թվարկված բոլոր հասցեների սեփականատերերին և գույքային իրավունք ունեցողներին: Նրանց մի մասի հետ կնքվել են օտարման պայմանագրեր, մնացած մասով փոխհատուցման գումարները դրվել են դեպոզիտ, և հարուցվել են դատական կարգով օտարման հայցեր:
Կողբացի 22 հասցեի սեփականատեր է հանդիացել Անտոնիո Մոնտալտոն: 15.04.2019թ-ին կազմվել է նշված գույքի նկարագրության արձանագրությունը: Որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում սեփականատիրոջն է ներկայացվել գույքի օտարման պայմանագրի նախագիծ, սակայն փոխադարձ համաձայնությամբ այն չի կնքվել: Կողբացի 22 հասցեում գտնվող գույքի նկատմամբ առկա է եղել նաև «Վիլմոնտան» ՍՊԸ-ի գույքային իրավունքը (գույքը վարձակալության իրավունքով օգտագործվում է «Վիլլամոնտան» ՍՊԸ-ի կողմից (վարձակալության իրավունքի վկայական՝ 03052016-01-48)): 18.04.2024 թվականին «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի կողմից հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Անտոնինո Դոմինկոյի Մոնտալտոյի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ «Վիլլամոնտան» ՍՊ ընկերության՝ գույքն օտարելու պահանջի մասին:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը /Գործ թիվ ՇԴ/0223/02/24/ 26.12.2025թ.վճռով մերժել է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Անտոնինո Դոմինկոյի Մոնտալտոյի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ «Վիլլամոնտան» ՍՊ ընկերության, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի՝ գույքն օտարելու պահանջի մասին:
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «Վիլլամոնտան» ՍՊ ընկերության հայցը բավարարել է՝ վճռել է ՀՀ, ք․ Երևան, Կենտրոն, Կողբացու 22 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարմանն ուղղված գործընթացը ճանաչել ոչ իրավաչափ և որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ, ք․ Երևան, Կենտրոն, Կողբացու 22 հասցեում գտնվող անշարժ գույքի մասով հանրության գերակա շահ ճանաչելու մասին բոլոր իրավական փաստաթղթերը:
Նշված վճռի դեմ 19.01.2026թ-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Միաժամանակ՝ 11.02.2026թ. ՀՕ-28-Ն օրենքով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ:
11.02.2026թ. ՀՕ-28-Ն օրենքի 15-րդ հոդվածով (եզրափակիչ և անցումային դրույթներ) սահմանվել է, որ եթե մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված՝ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշումներով սահմանված այն գույքերի առնչությամբ, որոնց նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքը օրենքի ուժի մեջ մտնելու պահին գրանցված չի եղել, և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում այդ իրավունքը չի գրանցվում, ապա Կառավարությունն իր հայեցողական լիազորության շրջանակներում կարող է տվյալ գույքի մասով կամ ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչել հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախկին որոշումը, ինչպես նաև նոր որոշմամբ կրկին ճանաչել տվյալ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ։
Հաշվի առնելով, որ օրենքը իր անցումային դրույթներով չի կարգավորել ընթացիկ գերակաների մասով իրավահարաբերությունները, ապա կիրառելի է իրավունքի ժամանակային գործողության ընդհանուր սկզբունքը, համաձայն որի՝ եթե օրենքով կամ անցումային դրույթներով այլ բան սահմանված չէ, յուրաքանչյուր իրավական գործողություն ենթակա է գնահատման դրա կատարման պահին գործող իրավակարգավորման հիման վրա։
Նշված գույքի օտարման լավագույն սցենարը դիտարկելիս պարզ է դառնում, որ նույնիս վերաքննիչ բողոքի ընդունման պարագայում գործի տևողությունը կարող է ձգձգվել, դրան հաջորդելու է վճռաբեկ ատյանում գործի քննությունը և արդյունքում հավանական սցենարը լինելու է սկզբնական հայցի մերժումը: Արդյունքում օտարման գործընթացը տևելու է մի քանի տարի։
Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով արդեն իսկ հաստատված քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և այն հանգամանքը, որ Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում թվով մոտ 151 գույքերից մեծ մասը արդեն իսկ օտարված է և նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի մի մասը արդեն իսկ իրականացված է, ուստի այն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել տարածքում առկա դեռևս չօտարված գույքերը, այդ թվում նաև վերը նշված 1 միավոր գույքը, որի համար առաջարկվում է լիազորել Երևանի քաղաքապետին նշված ընկերության հետ կնքել Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանագիրը և օտարման գործընթացն իրականացնել արդեն 11.02.2026թ. ՀՕ-28-Ն օրենքով սահմանված փոփոխություններով, ինչը հնարավորություն կտա գնահատել գույքը և փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում դատարանի դեպոզիտ փոխանցել գնահատված արժեքից 20 տոկոս ավել գումար և սահմանված ընթացակարգերով գույքը գրանցել ձեռքբերողի անունով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Սույն նյութը պատրաստված է բացառապես իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։