Գիտնականները Անտարկտիդայում դեռևս 1985 թվականին հայտնաբերված բրածո են նույնականացրել, որը շուրջ չորս տասնամյակ պահվում էր պահոցում և սխալմամբ համարվում էր խոշոր սողունի ոսկոր։ Պարզվել է, որ այն պատկանել է երկարավիզ, բուսակեր տիտանոզավրին՝ դինոզավրերի մի խմբի, որի ներկայացուցիչները Երկրի վրա երբևէ ապրած ամենախոշոր կենդանիներից էին։ Սակայն մասնագետներին դեռ չի հաջողվել պարզել, թե կոնկրետ որ տեսակին է պատկանել այդ բրածոն։ Գիտնականների գնահատմամբ՝ կենդանին ունեցել է մոտ 7 մետր երկարություն, ինչը համեմատաբար փոքր չափ է տիտանոզավրերի համար։
Հնարավոր է՝ այն դեռ երիտասարդ էր, երբ մահացել է։ Մասնագետները ենթադրում են, որ կենդանու մարմինը մահից հետո ծովային հոսանքներով տարվել է ափից հեռու, ընկել ծովի հատակը և միլիոնավոր տարիների ընթացքում վերածվել բրածոյի։ Հետազոտողները նշում են, որ միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդան բոլորովին այլ տեսք ուներ. ներկայիս սառցապատ մայրցամաքի փոխարեն այնտեղ տարածված էին խիտ անտառներ և տաք կլիմա, որոնք բարենպաստ պայմաններ էին ստեղծում դինոզավրերի կյանքի համար։
