«Փաստացի խմբագրությունը»` կեղծ լուրերի և ապատեղեկատվության դեմ

Հետքը, ՍիվիլՆեթը, FIP-ը, Factor-ը, Media.am-ը, Ամփոփը միավորվել ու ստեղծել են pop-up խմբագրություն: Փաստացի խմբագրությունը (InFact Newsroom) նախընտրական շրջանում պայքարում է կեղծ լուրերի դեմ: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր, փորձագետ Գեղամ Վարդանյանի հետ զրույցում անդրադարձ է կատարվել նախընտրական և բուն քարոզչական շրջանում ապատեղեկատվության տեսակների և տարածման ձևերի, փաստերի ստուգման աշխատանքների և արդյունքների` հասարակական ընկալումների վրա ազդեցության մասին, նշել է. 

«Մենք համատեղ ստեղծել ենք ֆեյսբուքյան էջ, ինստագրամյան էջ և համատեղ աշխատում ենք, նյութերն իրար հետ քննարկում ենք, պլանավորում ենք թեմաները, գործիքներով ենք կիսվում ու փորձում ենք համատեղ հանդես գալ` ապատեղեկատվական հոսքերը կանխարգելելու համար: Ու վերջին երկու ամսվա ընթացքում միայն այս նախաձեռնության շրջանակում 70-ից ավել հոդված է հրապարակվել, բայց իրական թիվն ավելի շատ է. շատ հոդվածներ կան, որ այստեղ չեն էլ երևում:  

Եթե խոսենք ապատեղեկատվության ձևերի կամ ուղղությունների մասին, ապա երկու տեսակի են բաժանվում. մեկը` արտաքինից եկող ապատեղեկատվական հոսքեր` այսպես կոչված արտաքին ազդեցության, որոնք որ շատ են, կանոնակարգված են, նույնիսկ անունները շատ ժամանան նշվում են հոդվածներում: Ասենք` Մատրյոշկա կոչվող ցանցը (Matryoshka disinformation network/operation), որը վերցնում է իրականությանը մոտ նարատիվներ և ուժգնացնում է տագնապները, չափազանցնում վտանգները, հորինում է չեղած բաներ և տարածում է տարբեր ցանցերով` հասցնելով թիրախային երկրին, այս դեպքում` Հայաստանին, հայտնի STO 15, 16 կոչված` էլի արտաքին ազդեցության օպերացիաները, որոնք որ շատ ժամանակ հենց X-ի կամ նախկին Twitter-ի միջոցով են տարածվում, հետո տարբեր ալիքներով հասնում են մարդկանց ու նորից ապատեղեկատվական, իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող տեղեկություններ են տալիս: Անցյալ տարվանից են սկսվել այս ապատեղեկատվական հոսքերը, դեռ անցյալ տարվա կեսերից սկսեցին Հայաստանը թիրախավորել կեղծ, սուտ լուրերով` Top Engager կոչված էֆեկտով, երբ որ հայտնի կայքի նմանությամբ ստեղծվում են կայքեր և տարածվում են սուտ լուրեր, մի քանի լրագրողներ կան, որ հանդես են գալիս իբրև թե միջազգային լրագրողներ, բայց ակնհայտորեն կապ ունեն թուրքական և ռուսական տարբեր շրջանակների հետ և նվազագույնը շաբաթը մեկ պարբերականությամբ սուտ լուրեր են տարածում Հայաստանի մասին. սրանք դրսից եկող ապատեղեկատվությունները: Ներսից էլ քարոզարշավը որ դիտարկում ենք, քաղաքական կուսակցությունները, նրանց համակիրներն ակտիվորեն օգտագործում են մանիպուլյացիաներ, կոնտեքստից կտրված տեղեկությունների տարածում և սոցիալական մեդիան են շատ օգտագործում քարոզչական նյութեր տարածելու համար: Եվ որպես միջավայր` դրսից եկող լուրերի համար ամենաշատն օգտագործվում է  X-ը (Twitter) և Telegram-ը, ներսում` ավելի շատ Facebook-ը,  Instagram-ը, TikTok-ը: Լրատվամիջոցներն այն դեպքում են լինում այս ապատեղեկատվական հոսքերի մեջ, երբ վերահրապարակում են կամ իրենք են տարածում կամ չեն ստուգում, բայց չես կարող ասել, որ լրատվամիջոցները հենց իրենք այդպես չարամիտ կերպով ներգրավված են ապատեղեկատվություն տարածելու մեջ: 

Պետք է հաշվի առնել, որ ռեսուրսները շատ չեն, գոնե կարողացել ենք միավորել ուժերը, որպեսզի ավելի արդյունավետ աշխատենք, ավելի շատ նյութեր կարողանանք ստուգել և հասցնել մարդկանց: Նաև պետք է ասել, որ ստուգված փաստերը գրեթե միշտ ավելի քիչ են տարածվում, քան ինքը սուտը, և դա էլ խնդիր է: Բայց նաև փորձում ենք մեր նյութերը ոչ միայն հրապարակել մեր կայքերում, այլև մեր նյութերի հիման վրա սոցիալական մեդիա հոլովակներ պատրաստել, պոստերներ սարքել, լուրեր սարքել, որպեսզի հենց սոցիալական մեդիայում հասցնենք այն մարդկանց, որոնք խոցելի են սուտ լուրերի կամ մոլորեցնող լուրերի տեսակետից: Գործը շատ է, ուժերն անհավասար են, բայց եթե, օրինակ, 2021-ի հետ համեմատենք, փաստերի ստուգմամբ զբաղվող խմբագրությունները հիմա համախմբված են աշխատում, փաստեր ստուգողներն էլ ավելի հմուտ են և ավելի շատ են աշխատում: Մենք փորձում ենք առավելագույնն անել, արդյունքը, հույս ունենք, որ կլինի դրական: Ամեն դեպքում համախմբվածությունը փաստեր ստուգողների ինքնիրենով արդեն դրական է և կրկնապատկում, եռապատկում, վեցապատկում է վստահությունը, և հույս ունենք, որ այդ ազդեցությունը կօգնի  մարդկանց, որ չխաբվեն կամ մոլորեցվեն»

Փաստերի ստուգման հարթակ-FIP.am-ի խմբագիր Հասմիկ Համբարձումյանի հետ՝ նա անդրադարձել է ընտրությունների ընթացքում հատկապես սոցիալական ցանցերում աճող ապատեղեկատվության ծավալներին, տեսակներին, փաստերի ստուգման եղանակներին, ինչպես նաև հերքված, ստուգված լուրերի վերաբերյալ հանրային ընկալմանն ու վստահությանը: 

«Ընտրական ժամանակահատվածներում ապատեղեկատվության ծավալը սովորաբար շատ-շատ է աճում։ Քաղաքական մրցակցության պայմաններում հասարակության ուշադրությունը կենտրոնացած է ընտրությունների վրա, և կեղծ կամ մանիպուլյատիվ բովանդակությունը շատ ավելի արագ է տարածվում։ Հատկապես ակտիվ են դառնում սոցիալական ցանցերը, որտեղ տեղեկությունը տարածվում է լույսի արագությամբ և կարող է հասնել հազարավոր մարդկանց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ 

Ամենատարածված ապատեղեկատվությունը ընտրություններից առաջ թիրախավորում է կառավարող ուժին, դրա ղեկավարին ու նրա մերձավոր շրջապատը։ Դրանք հատուկ ապատեղեկատվական արշավներ են, որ Հայաստանի դեմ իրականացվում են արդեն շուրջ մեկ տարի։ Իսկ կոնկրետ ընտրական գործընթացների վերաբերյալ, սովորաբար ապատեղեկատվությունը վերաբերում է ընտրությունների արդյունքների կեղծման մասին չհիմնավորված պնդումներին, ընտրողների թվի կամ մասնակցության վերաբերյալ մանիպուլյացիաներին, ընտրացուցակներում ավելորդ անձանց գոյությանը, թեկնածուների կամ կուսակցությունների մասին կեղծ հայտարարություններին, ինչպես նաև կեղծ լուսանկարների և տեսանյութերի տարածմանը։ Վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախ են հանդիպում նաև արհեստական բանականությամբ ստեղծված կամ փոփոխված տեսանյութեր, որոնք կարող են մոլորեցնել ընտրողներին։ Ի դեպ, այս ընտրությունները աննախադեպ էին AI-ով գեներացված տեսանյութերի առատությամբ, որոնց միջոցով քաղաքական ուժերը տարածում են իրենց՝ շատ հաճախ մանիուլյատիվ թեզերը։ 

Փաստերի ստուգման մեր գործունեության մեջ մոնիտորինգն առանցքային դեր ունի։ Մենք ունենք փոքր թիմ, բայց փորձում ենք հնարավորինս մոնիտորինգ իրականացնել հատկապես երբ քաղաքական կարևոր իրադարձություններ են սպասվում։ Իսկ նման իրադարձությունների ժամանակ ապատեղեկատվությունը կայծակնային արագությամբ է տարածվում։ Այո, ընտրական ժամանակահատվածը շատ զգայուն է, և այս շրջանում էլ մենք  համապատասխան գործիքների միջոցով մշտադիտարկում ենք լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները, և քաղաքական դերակատարների հրապարակումները կամ հայտարարությունները։ Մեր թիմը վերլուծում է լայն տարածում ստացող պնդումները, ստուգում դրանց սկզբնաղբյուրները և համադրում պաշտոնական տվյալների, բաց աղբյուրների ու վստահելի փաստաթղթերի հետ։ Մենք նաև քարտեզագրում ենք, թե օրինակ, այս կամ այն նարատիվը կամ խոսույթը ինչպես և ինչ ալիքներով է տարածվում, ովքեր են տարածողները։ Բացի այդ, հաճախ քաղաքացիներն ու գործընկեր կազմակերպություններն են մեզ փոխանցում կասկածելի տեղեկություններ, որոնք նույնպես դառնում են ստուգման առարկա։ 

Մենք չենք կարող չափել, բայց պարզ է, որ ճշգրտված տեղեկությունը նախ հրապարակվում է ուշ, հետո ոչ ամբողջ մասշտաբով է հասնում լսարանին, ինչ կեղծ տեղեկությունն էր տարածվել։ Վստահությունը տարբեր է՝ կախված լսարանից։ Մեր փորձը ցույց է տալիս, որ փաստերի ստուգմամբ հետաքրքրված և հավաստի տեղեկատվություն փնտրող քաղաքացիները գնահատում են մեր աշխատանքը և օգտվում են մեր նյութերից։ Սակայն ապատեղեկատվության դեմ պայքարում հաճախ բախվում ենք նաև նախապես ձևավորված համոզմունքների հետ, երբ մարդիկ հակված են ընդունել այն տեղեկությունը, որը համապատասխանում է իրենց քաղաքական կամ գաղափարական դիրքորոշմանը։ Այդ պատճառով էլ այս փուլում մենք քաղաքական որոշ խմբերի կողմից հետևողականորեն թիրախավորվում ենք, ինչը իհարկե, մեզ չի վհատեցնում, քանի որ մենք շատ սիրում ու կարևորում ենք մեր աշխատանքը։ Նաև ուզում եմ շեշտել, որ մենք ունենք մեր մեթոդաբանությունը որպես Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) անդամ ու շատ մեեծ ուշադրություն ենք դարձնում թափանցիկ մեթոդաբանությանը և օգտագործված աղբյուրների բաց ներկայացմանը»: 

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Ադրինե Թորոսյանը և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։ 

Leave a Comment