Կուբան որոշել է հուլիսի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) նիստ խնդրել՝ կղզու նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված առևտրային, տնտեսական և ֆինանսական էմբարգոյի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին Հավանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Մենք որոշել ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ հրավիրել՝ հաշվի առնելով Կուբայի ներկայիս դժվարին իրավիճակը՝ ԱՄՆ կառավարության կողմից մեր երկրի դեմ սահմանված առևտրատնտեսական էմբարգոյի պատճառով։ Դա տեղի կունենա հուլիսի 7-ին», – ասել է նա։
Նախարարը ընդգծել է, որ Կուբան որևէ սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար։
«Այս էմբարգոն սպառնում է մեր ժողովրդի բարեկեցությանը, տարածաշրջանային խաղաղությանը և խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը», – հավելել է նա։ Արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել, որ «միջազգային հանրության մեծամասնությունը կաջակցի Կուբային»։