Իրանը «վճռականորեն կպատասխանի» ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի ցանկացած խախտմանը. Բաղայի

Թեհրանը մտադիր է վճռական պատասխան տալ Վաշինգտոնի կողմից փոխըմբռնման հուշագրի պայմանների ցանկացած խախտմանը, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ Դոհայում կայանալիք անուղղակի բանակցությունների նախաշեմին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։

«Ոչ մի գործողություն անպատասխան չի մնա։ Ինչպես արդեն ցույց են տվել Իրանի զինված ուժերը, Իսլամական Հանրապետության նկատմամբ ցանկացած ագրեսիա առաջացնում է անհապաղ և վճռական պատասխան»,- ասել է Բաղային:

Նա հիշեցրել է Իրանի հասցված ամերիկյան վերջին հարվածների մասին, որոնք իրանական կողմը համարել է հուշագրի առաջին կետի, այն է՝ բոլոր ճակատներում մարտական գործողությունների վերջնական դադարեցման խախտում։ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ եթե նման խախտումները շարունակվեն նաև հետագայում, խաղաղ կարգավորման գործընթացը զգալիորեն կդժվարանա։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ: 14 կետից բաղկացած փաստաթղթով ևս 60 օրով երկարաձգում է ապրիլին կողմերի միջև հայտարարված հրադադարը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը պետք է համաձայնեցնեին վերջնական հրադադարը։

Շվեյցարիայում հունիսի 21-ին ավարտվել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը, որը հիմնականում կրել էր տեխնիկական բնույթ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն երբեք և որևէ պայմաններում չի համաձայնի, որ Իրանը վճար գանձի նավերի՝ Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Նա նաև նշել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի վրա աշխատող տեխնիկական խումբը կվերսկսի իր նիստը հունիսի 30-ին։

 

Leave a Comment