2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքացիների իրազեկվածության բարձրացումն ու ընտրական իրավունքների պաշտպանությունը դարձել է շատ կարևոր խնդիր: Թեման առավել արդիական էր հատկապես այն անձանց համար, որոնք հաճախ տեղեկացված չեն իրենց իրավունքներից ու դժվարանում են գտնել իրենց ընտրատեղամասերը: Այդ նպատակով «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում մայիսի 26-ին «Արփի» հասարակական կազմակերպությունում անցկացվեց սեմինար–քննարկում։
Հանդիպմանը մասնակցում էր 15 քաղաքացի, որոնց զգալի մասը տարեց կանայք էին, նրանց թվում կային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ինչպես տեղացիներ, այնպես էլ Արցախից տեղահանված անձինք:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընտրական գործընթացներում քաղաքացիների իրավունքներին, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության կառույցների դերին, ինչպես նաև մեդիադաշտում ապատեղեկատվության տարածմանը և դրանից պաշտպանվելու ձևերին։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են կեղծ լուրերի տարբերակումը, քաղաքացիների համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի www.elections.am պաշտոնական կայքի հասանելիությունը, որոշ թաղամասերում ընտրատեղամասերի տեղակայման անհարմարությունը և ընտրողների անտեղյակությունը ընտրության պրոցեսի իրականացման ընթացակարգերին:
Մասնակիցները բարձրացրեցին իրենց հուզող բազմաթիվ այլ հարցեր, ստացան սպառիչ պատասխաններ, իսկ նրանցից շատերն էլ ցանկություն հայտնեցին հետագայում խորհրդակցել իրավաբանի հետ:
Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց հուզող և հետաքրքրող հարցերն ու մտահոգությունները՝ ակտիվորեն մասնակցելով թեմայի շուրջ ծավալված քննարկմանը։ Թոշակառու Ժաննա Խաչատրյանը նշել է. «Շատերի համար ընտրական գործընթացը բարդ և հեռու թեմա է թվում, մինչդեռ այն ճիշտ ներկայացնելու դեպքում կարող է դառնալ հասկանալի և հետաքրքիր»։
Տնային տնտեսուհի Մարթա Պողոսյանն էլ կարևորեց քաղաքացիական ակտիվության դերը՝ հավելելով. «Եթե ուզում ենք, որ ապագան փոխվի, չպետք է մտածենք, թե մեկ ձայնը ոչինչ չի փոխում․ փոփոխությունը միշտ սկսվում է մեկ մասնակցությունից»։
Հանդիպման ավարտին մասնակիցները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ ընտրական պրոցեսում առավել զգոն լինելու, սեփական իրավունքներից լիարժեք օգտվելու և ինֆորմացիան կրկնակի ստուգելու միջոցով ապատեղեկատվությունը տարբերակելու վերաբերյալ:
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մարի Ավետիսյանը և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի տեսակետները: