Փաշինյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են հանցավորության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի հարցերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիին, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում։

Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրի այցը և կարևորել Հայաստանի ու Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության շարունակական զարգացումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ՆԳ նախարարությունների համատեղ ծրագրերը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հանցավորության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև ներքին անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել հայ գործընկերների հետ և վստահություն հայտնել, որ համատեղ ծրագրերը նոր խթան կհաղորդեն երկկողմ համագործակցությանը։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել հայ-վրացական համագործակցության զարգացման և հետագա քայլերի շուրջ։

Leave a Comment