ՀՀ-ում 1 տարում 183 օր չգտնվողները չեն օգտվի առողջության ապահովագրությունից

Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի գտնվել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սա նաև շատ կարևոր քաղաքական առումով հանձնառություն է եղել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեյով ծախսերը մենք հոգ ենք տանում, եթե անձը 183 օրից ապրում է Հայաստանում, չի կարող լինել, որ անձը Հայաստանում չապրի, տարին մեկ անգամ գա Հայաստան և ստանա»,- ասել է նա։

Նախարարը հայտարարել է, որ «Արմեդ» համակարգը ինքնաշխատ կերպով է որոշում ապահովագրությանը քաղաքացու մասնակցությունը։ Ըստ Ավանեսյանի, եթե տեղի է ունեցել համակարգային սխալմունք, ապա բողոքարկման կոճակը սեղմելով ու համապատասխան փաստաթղթերը ներբեռնելով կարելի է ուսումնասիրության ուղարկել։

«Կդիտարկվի և եթե կա փաստաթղթերի ճշգրտման կարիք, ապա անձը կօգտվի իրեն հասանելի ապահովագրությունից»,- պարզաբանել է նախարարը։

Ավանեսյանը հավելել է, որ անհատ ձեռնարկատերերին համակարգում ընդգրկելու պահանջը հետաձգվել է մինչև հունիսի 20-ը, սակայն նրանցից շատերը չեն սպասել վերջնաժամկետին, ինչի արդյունքում նրանց թիվը զգալիորեն աճել է։

Ըստ Ավանեսյանի՝ պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի մասնակիցների թիվը հունվարի 1-ից աճել է և այժմ կազմում է մոտավորապես 1,7 միլիոն։ Համակարգի շրջանակներում բժշկական ծառայություններից օգտվել է 842 752 մարդ, որոնց մատուցված ծառայությունների թիվը գերազանցել է 8 միլիոնը։

Նախարարը մասնակիցների թվի աճը պայմանավորել է մի քանի գործոններով։ Նա նշել է բնակիչների, ինչպես նաև 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող աշխատողների թվի աճը, որոնք նույնպես ընդգրկված են համակարգում։

Նա նշել է, որ 2027 թվականից համակարգին կմիանան նոր խմբեր, այդ թվում՝ քաղաքացիական պայմանագրերով աշխատողները, տաքսու վարորդները և բոլոր գրանցված աշխատողները՝ անկախ աշխատավարձից։ 2028 թվականից սկսած՝ բոլոր քաղաքացիները կմիանան պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգին, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատողները և ուսանողները։

ՀՀ կառավարությունը 2023-ի փետրվարին հաստատել էր ԱԱ համակարգի ներդրման հայեցակարգը։ 2025թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել էր 2026 թվականից պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի գործարկման մասին։ Նոյեմբերի 8-ին Ավանեսյանը հայտնել էր, որ առողջության ապահովագրության համակարգին 2026-ից կմիանան 200 000 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։

Կարդացեք նաև՝ 

Փորձագետները գնահատել են Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռիսկերը

Leave a Comment