Կոմիտասի հուշարձանի հարակից տարածքն օրեր առաջ ամբողջությամբ պատված էր ծխախոտի մնացորդներով և տարբեր տեսակի աղբով։ Տարածքի անմխիթար վիճակն արձանագրող տեսանյութը հրապարակել էր լուսանկարիչ և լրագրող Նատա Բրետտելլը։
«Ավորա նյուզ»-ը եղել է դեպքի վայրում՝ պարզելու, թե ինչպիսին է իրավիճակը հրապարակումից հետո։ Մեր այցի պահին Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի աշխատակիցներն արդեն իրականացնում էին տարածքի մաքրման աշխատանքներ։
Այժմ հուշարձանի հարակից հատվածը մաքրված է, սակայն հանրային տարածքների մաքրության պահպանումը միայն համապատասխան ծառայությունների պարտականությունը չէ։ Քաղաքի մաքրությունը կախված է նաև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատու վերաբերմունքից։