Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության եւ դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով եւ վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից, ինչպես նաեւ համացանցում գովազդի միջոցով արգելվում է։
Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչությունն ավարտվում է քվեարկության օրվան նախորդող օրվանից՝ գիշերը ժամը 00:01ից։ Այդ պահից սկսվում է «լռության օրը», որը շարուկավելու է նաեւ քվեարկության ավարտը։
Սոցցանցերի բացը՝ քարոզչության եւ հակաքարոզչության մեջտեղում
Փորձագետների գնահատմամբ՝ սոցիալական տիրույթում բավական դժվար է լինում վերահսկել քարոզչությունն ու հակաքարոզչությունն արգելված օրերի եւ ժամերի ընթացքում, հատկապես, երբ դրանք տարածում են սոցցանցերում անհայտ անձինք կամ օգտատերեր։
Հետեւաբար, սոցցանցային ողջ տիրույթում այդ արգելքի լիարժեք կատարմանն հետեւելը երբեմն երկրորդային պլան է մղվում։
Լռության, նաեւ քվեարկության օրը ապատեղեկատվության հիմքով տարածվեց նպատակադրված հակաքարոզչություն, որին անմիջապես հաջորդեցին միեւնույն քաղաքական ուժի ներկայացուցիչների հրապարակային խոսքն ու արձագանքը։

Ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք լռության օրն ու քվեարկության օրը տարածում էին ապատեղեկատվություն՝ տեղեկացնելով, թե «16 համար ընտրողներ ջան, տեղյակ եղեք, որ ընտրությունները տեղափոխել են հաջորդ կիրակի»։

«Չմոռանաք ձեր հետ գրիչ տանել եւ սրտիկներ նկարել համար 16 քվեաթերթիկի վրա․․․․» :

«Ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր երբ քվեարկում եք 16-ի օգտին, պարտադիր պետք է քվեաթերթիկի վրա ինչ-որ սրտիկ կամ այլ նշում անեք, դա ՉԻ ԿԱՐԵԼԻ, նման կերպ դուք ձեր քվեաթերթիկը դարձնելու եք անվավեր»։
Այս հրապարակումներին քվեարկության օրն արձագանքեցին «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության պատգամավորների թեկնածուներից մի քանիսը, իսկ սոցցանցերի որոշ օգտատերեր ու լրատվամիջոցներ մեջբերեցին թեկնածուների խոսքն ու արձագանքը։ (1, 2, 3, 4, 5,)։
Պաշտոնական արձագանքը՝ վստահության աղբյուր
Քվեարկության օրն արդեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում քվեարկող քաղաքացիները պարտավոր են ստանալ բոլոր քվեաթերթիկները, իսկ ծրարի կամ քվեաթերթիկի վրա որեւէ գրառում կատարելու դեպքում քվեն կհամարվի անվավեր։ Հունիսի 7-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին նշել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Քվեաթերթիկի վրա նշում կատարե՞լ, թե՞ ոչ․․․հիմնականում այս հարցերով էին ինձ դիմում մեր հարեւանները, ազգականները, որոնք կենսաթոշակային տարիքի էին եւ քվեարկության մասին այնքան էլ լավ իրազեկված չէին։ Ես, իհարկե, տեղեկանցում էի, բայց իրենց համար վստահելի են դարձել հեռուստացույցով կամ ռադիոյով ստացած տեղեկությունները, այսինքն՝ նախընտրելի քվեաթերթիկը դրվելու է ծրարում եւ չի կատարվելու գրառում կամ նշում»,-ասել է ուսանողուհի Աղավնի Սարգսյանը։
Լռության եւ քվեարկության օրերին տարածվող ապատեղեկատվության, նաեւ քարոզչություն եւ հակաքարոզչություն դրսեւորող գրառումների բովանդակությանը ծանոթ լինելով՝ Աղավնին ընդգծել է․«Ամեն ընտրություններից առաջ՝ քվեարկության նախորդող օրը, սոցցանցերը ողողվում են ապատեղեկատվությամբ, որոնք ուղիղ տանում են հակաքարոզչության, ապա՝ քարոզչության։ Ցանկալի կլիներ, որ տարածողները ենթարկվեին պատասխանատվության»։
Այսպիսոսվ, թե որքանով կարող են սոցիալական ցանցերում ապատեղեկատվական, նաեւ քարոզչական եւ հակաքարոզչական դրսեւորումներ ունեցող գրառումներն ազդել ընտրողների կարծիքի ձեւավորման, կամարտահայտման եւ ընտրության վրա, նրանց ապակողմնորոշման վրա հենց քվեարկության օրը, հայտնի չէ։ Այս մասին ճշգրիտ տվյալներ առկա չեն։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝ Անի Մկրտչյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։
Գլխավոր լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով