Բաքուն հատուկ մեխանիզմ է ստեղծում, որի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց իրենց ինքնությունը բացահայտելու, տեղեկատվություն տրամադրել ղարաբաղյան պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ։
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Շարաֆաթ Հասանովը։ «Տրամադրված տեղեկատվությունն օգտագործվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ այն տրամադրած անձը որևէ պարագայում պատասխանատվության չի ենթարկվի»,- նշել է պաշտոնյան։
Անհայտ կորածների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման մասին խոսել է նաև Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը, հայտնում է APA-ն։
«Անհայտ կորածների խնդրի լուծմանն ուղղված ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» թեմայով միջազգային համաժողովում Բոմբերգերն ընդգծել է, որ ստեղծվելիք բազան չափազանց կարևոր նշանակություն ունի կողմերի միջև համագործակցության տեսանկյունից։
Պաշտոնյան նշել է, որ սա մի մոդել է, որի ստեղծմանն իրենք աջակցել են նախկին Հարավսլավիայի համատեքստում։ Այդ տարածաշրջանի կառավարությունները, հակամարտությունից տարիներ անց, ձևավորել են անհայտ կորածների հարցերով համատեղ գործող աշխատանքային խումբ, ստեղծել ընդհանուր տվյալների բազա դեռևս չփակված գործերի վերաբերյալ և դրա միջոցով տեղեկատվություն են փոխանակում։
«Մենք հույս ունենք, որ այս տվյալների բազայի միջոցով ևս կհասնենք նույնպիսի արդյունքների։ Առաջին հայացքից այս թեման կարող է այնքան էլ հետաքրքիր չթվալ, սակայն տվյալների բազան կենսական նշանակություն ունեցող գործիքներից է համագործակցության ապահովման և խաղաղության կառուցման համար»,- նշել է ICMP գլխավոր տնօրենը։