Իրանական և ամերիկյան բանակցային թիմերը պետք է այս շաբաթ ժամանեին Դոհա։ Սակայն Իրանը երկուշաբթի հայտարարեց, որ հանդիպում նախատեսված չէ, քանի որ հանգստյան օրերին երկու կողմերի իրականացրած հրթիռային հարվածները լրջորեն փորձել են ժամանակավոր հրադադարի ամրությունը, որը նպատակ ուներ վերջ դնել չորս ամիս տևած պատերազմին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Կարոլին Լիվիթի խոսքով՝ նախագահն իր փեսա Ջարեդ Քուշներին և դեսպան Սթիվ Վիտկոֆին ուղարկում է բանակցային խումբը գլխավորելու համար։ Միևնույն ժամանակ, Իրանն այս շաբաթ Քաթար է ուղարկում իր տեխնիկական պատվիրակությունը, սակայն Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ դա «որևէ կապ չունի» ամերիկացիների այցի հետ, և երկու կողմերի միջև որևէ բանակցություն նախատեսված չէ։
«Առաջիկա օրերին մենք ամերիկյան կողմի հետ որևէ մակարդակով բանակցային հանդիպումներ չենք ունենալու»,- հայտարարել է Բաղային։
Reuters-ի փոխանցմամբ, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ երեքշաբթի օրը Դոհայում հանդիպում կկայանա։ Սակայն, ի տարբերություն Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև նախկինում տեղի ունեցած տեխնիկական բանակցությունների, հիմնական շեշտը դրվելու է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի կարգավորման և լարվածության թուլացման վրա։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ծրագրերին ծանոթ մեկ այլ պաշտոնյա հայտնել է, որ չորեքշաբթի սպասվում է ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական խմբերի առանձին հանդիպում քաթարցի և պակիստանցի միջնորդների հետ։
Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին հայտարարել է. «Դոհայի հանդիպումը, հնարավոր է, կարևոր լինի, իսկ հնարավոր է՝ ոչ։ Մենք դա շուտով կիմանանք»։
Միևնույն ժամանակ նա պնդել է, թե «մենք հաղթում ենք ռազմական առումով», և կրկնել է իր պայմանը՝ Իրանին միջուկային զենք ստեղծելուց կանգնեցնելու անհրաժեշտության մասին։
