Վարչապետը մերժել է արևմտյան թևի հետ ընտրությունների գնալու Սարգսյանի առաջարկը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, սակայն մերժում է ստացել։ Նա այս մասին պատմել է Factor-ի հարցազրույցում։

Նա նշել է, որ թեև «արևմտյան արժեքներ կրող ուժերը» խորհրդարան չեն մտել, սակայն ընտրությունների արդյունքը իրենց համար հաղթանակ էր, քանի որ «կանխվել է ռուսական ազդեցության ուժերի՝ իշխանության գալը»։

«Ես ասել եմ, որ մեր հաղթանակը կհամարեմ, եթե Հայաստանի քաղաքական ուղեգիծը չփոխվի և ռուսական ազդեցության քաղաքական ուժերը չգան իշխանություն։ Եվ ես համարում եմ, որ այսօր Ռուսաստանի՝ նման կարգի միջամտության, ընտրական տուրիզմի ներդրման, փողային նման ներհոսքի ներմուծման և ընտրակաշառքի բաժանման պարագայում, երբ մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել և «ո’չ» ասել ռուսական ուղղությանը, դա նաև իմ հաղթանակն է, դա նաև արևմտյան թևի հաղթանակն է, որը իրականություն դարձավ»,- ասել է նա։

Սարգսյանի խոսքով, արևմտյան թևի ամբողջական միավորումը կարող էր իրականացնել միմիայն իշխանությունը, ինչը տեղի չունեցավ, քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրել է «բալանսավորման» քաղաքականություն։

Ըստ Սարգսյանի՝ չնայած Ռուսաստանը չի կարողացել իրենց ձեռնտու ուժերին իշխանության բերել, սակայն կարողացել է ձևավորել իր շահերը սպասարկող հստակ բևեռ Հայաստանի խորհրդարանում։ Նա նոր ԱԺ կառուցվածքը բնութագրել է ՔՊ-ից և «ակնհայտորեն ռուսամետ կողմնորոշման ընդդիմադիր ուժերից» կազմված խորհրդարան։

Այս ուժերի գործունեությունը, ըստ նրա, ուղղված է լինելու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մշտական օրակարգում պահելուն և իշխանության ցանկացած քայլ քննադատելուն, որը կարող է դիտարկվել որպես հեռացում Մոսկվայից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք: https://armeniatoday.am/hy/armenia/1094538/
© 2026 Armenia Today

Leave a Comment