Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված սոցիալական ծառայություններ» ծրագրի ամփոփիչ համաժողովին․ ներկայացվել են երեք տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ներդրված 9 տեսակի համայնքային սոցիալական ծառայությունները, ձեռքբերումներն ու հետագա համագործակցության հնարավորությունները։
Համաժողովին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Գայանե Եղիազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն․Գ․ Վասիլիս Մարագոսը, պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ծրագրի շահառուներ։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվել է Սյունիքի մարզի տարբեր համայնքներում. այն նպաստել է մարզում համայնքահեն սոցիալական ծառայությունների համակարգի զարգացմանն ու որակի բարելավմանը, բնակչության համար դրանց հասանելիությունը՝ համատեղելով պետության, համայնքների և քաղհասարակության ջանքերը։
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր խոսքում կարևորել է պետական և միջազգային գործընկերների համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերը նպաստում են բնակչության կարիքներին առավել հասցեական և արդյունավետ սոցիալական ծառայությունների ձևավորմանը։ Ծառայությունները հասարակական սեգմենտին պատվիրակելու պետական քաղաքականությունը նպատակ ունի զարգացնել ՀԿ-ների կարողությունները, որպեսզի նրանք արդյունավետորեն ապահովեն պետական նվազագույն չափորոշիչներով այդ ծառայություններն՝ ըստ տարբեր թիրախային խմբերի համար գնահատված կարիքի։ Վերջինս նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների առանցքում մարդն է, իսկ համայնքային մակարդակում ծառայությունների զարգացումն ու դրանց հասանելիության բարձրացումը շարունակում են մնալ նախարարության առաջնահերթություններից։
Ելույթներով հանդես են եկել նաև միջազգային կազմակերպությունների գործընկերները՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունքում ձևավորված փորձը կարևոր հիմք է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականության համար, իսկ արձանագրված ձեռքբերումներն ու ձևավորված համագործակցության մեխանիզմները կծառայեն սոցիալական ծառայությունների հետագա զարգացմանն ու կատարելագործմանը։
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ․ մասնակիցները ներկայացրել են ծրագրի շրջանակում ներդրված նոր սոցիալական ծառայությունները, համայնքային ծառայությունների ապակենտրոնացման տեսլականը, քաղհասարակության համար իրականացված վերապատրաստումները, համայնքներում ձևավորված համագործակցության մեխանիզմները, շահառուների կյանքում արձանագրված դրական փոփոխություններն, ինչպես նաև հաջողված փորձի ընդլայնման հնարավորությունները։
Համաժողովի աշխատանքները կազմակերպվել էր Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ։