Ամբերդ ամրոցի վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ մարդկային կմախք և միջնադարյան մասունքներ են հայտնաբերվել

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես՝ ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք, հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում են. չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ատամնաշարից կարելի է ենթադրել, որ նա երիտասարդ է եղել:

Բայց սա դեռ ամենը չէ. մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ) զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ և բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը։

Ամբերդում մաքրման և պեղման աշխատանքները շարունակվում են՝ բացահայտելով նոր մանրամասներ ամրոցի պատմությունից ու կյանքից»,- նշվում է հաղորդագրության մեջ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment