Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կասեցրել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակի արտադրությունը։
ՍԱՏՄ-ի տեղեկացմամբ՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում «Կաթնաշոռ դասական 7%» և «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշներում հայտնաբերվել են թույլատրելի նորմերը գերազանցող խմորասնկեր և բորբոսասնկեր։
Միաժամանակ «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակը չի համապատասխանել «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով։
Տեսչական մարմնի տվյալներով՝ նշված արտադրատեսակները չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչի հետևանքով դրանց արտադրությունը կասեցվել է։