Ճշմարտության պատանդները. ինչպե՞ս է ընտրական ապատեղեկատվությունը թիրախավորում հայաստանյան ընտրողին

Ժամանակակից Հայաստանում, որտեղ ներքաղաքական բևեռացվածությունը հասել է ծայրահեղ կետի, իսկ անվտանգային մարտահրավերները ստեղծում են մշտական տագնապի մթնոլորտ, ընտրողի գիտակցությունը դարձել է թիրախ։ Ընտրական ապատեղեկատվությունը վաղուց դադարել է լինել սոսկ «սուտ լուրերի» հավաքածու։ Այն վերածվել է կազմակերպված, բազմաշերտ էկոհամակարգի, որն ունի հստակ նպատակ՝ մանիպուլացնել հանրային քվեն։

Նախընտրական շրջանը Հայաստանում վերածվում է ոչ թե ծրագրերի ու գաղափարների ներկայացման, այլ՝ քաղաքական թեկնածուների կողմից մեկը մյուսի վրա «ցեխ շպրտելու» մրցավազքի։ 

Հետպատերազմյան շրջանում հայաստանյան ընտրական ապատեղեկատվության հիմնական նարատիվները կառուցված են ոչ թե տնտեսական կամ սոցիալական ծրագրերի, այլ՝ վախի, անվտանգային տագնապների և «ներքին թշնամիների» փնտրտուքի վրա։ 

Այս աղմուկի մեջ հանրությանը մանիպուլյացիոն ծավալուն հոսքերից պաշտպանելու և փաստերը ստից զատելու առաքելությունն այսօր դրված է փաստեր ստուգող լրագրողների, մասնագետների ուսերին։

Հայաստանյան մասնագիտացված կառույցների, մասնավորապես՝ «Փաստերի ստուգման հարթակի» (FIP.am) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Media.am) իրականացրած երկարամյա մշտադիտարկումները հաստատում են, որ ընտրական փուլերում ապատեղեկատվության ծավալներն անընդհատ աճում են։ Փորձագիտական դիտարկումների համաձայն՝ Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարը բարդանում է երկու հիմնական պատճառով.

1․Մեդիագրագիտության ցածր մակարդակ. բնակչության մեծ մասը դեռևս չի տարբերակում պաշտոնական լրատվությունը անանուն բլոգերների գրառումների բովանդակությունից։

2․Ինֆորմացիոն տագնապ. ճգնաժամային իրավիճակներում մարդու ուղեղը փնտրում է պարզ, էմոցիոնալ բացատրություններ՝ (նույնիսկ եթե դրանք սուտ են) անորոշությունից խուսափելու համար։

Փորձագիտական հայացք. ինչո՞վ են առանձնանում ներկա ընտրական հոսքերը

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Media.am» կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը, անդրադառնալով ընտրական ապատեղեկատվության դինամիկային, զուգահեռներ է անցկացնում նախորդ տարիների փորձի հետ․

«Եթե, օրինակ, համեմատենք 2021 թվականի ԱԺ ընտրությունների ընթացքի հետ ընտրական ապատեղեկատվությունը, ապա 2021-ին էլ ապատեղեկատվական հոսքերը, մանիպուլյացիաները շատ էին։ Ընդհանրապես ընտրությունների ժամանակ պարզ է, որ թեկնածուները թվերով են մանիպուլացնում, ոչ իրատեսական խոստումներ են տալիս, որոնք դժվար է նույնիսկ չափել ու ստուգել։ Իհարկե, այս ընտրություններն առանձնանում են շատ տարբեր ինֆորմացիոն ազդեցություններով։ Ապատեղեկատվության ծավալը ահագին մեծ է», ասել է «Media.am» կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։

Լուսանկարը տրամադրել է Գ․Վարդանյանը

«Փաստացի խմբագրություն». լրագրողների միավորումը ֆեյքերի դեմ

Այս հսկայական տեղեկատվական ալիքին դիմակայելու համար հայաստանյան մեդիադաշտի առաջատար ներկայացուցիչները ստիպված են եղել համախմբել ուժերը։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը համատեղ ստեղծել են «Փաստացի խմբագրությունը» (InFact newsroom)։ Սա ժամանակավոր (Pop-Up) խմբագրություն է, որտեղ փաստերը ստուգող լրագրողները միավորել են իրենց ռեսուրսներն ու փորձառությունը: Այս հարթակի շրջանակներում համագործակցում են վեց առաջատար լրատվամիջոցներ՝ Հետք, ՍիվիլՆեթ, FIP, Factor TV, media.amampop.am-ը։ Խմբագրության պատրաստած նյութերը տարածվում են «InFact newsroom» անվամբ սոցիալական ցանցերի էջերում։

Գեղամ Վարդանյանի խոսքով՝ այս տարվա ապրիլից միայն այս միասնական հարթակի շրջանակներում ապատեղեկատվության բացահայտմանն ուղղված հոդվածների քանակն արդեն անցել է 60-ը։ Յուրաքանչյուր խմբագրություն զուգահեռաբար հրապարակում է նաև սեփական նյութերը, ուստի հոդվածների ընդհանուր թիվն իրականում ավելի մեծ է։

«Ծավալը շատ է, աշխատանքը շատ է։ Ու նույնիսկ ոչ բոլոր դեպքերում են հասցնում փաստեր ստուգող լրագրողներն արձագանքել»,- նշել է Գ․Վարդանյանը։

Կեղծիքի անատոմիան. տոհմածառերից մինչև տնտեսական ցուցանիշների մանիպուլյացիաներ

Ինչպե՞ս է գործում ապատեղեկատվական մեքենան և ի՞նչ նյութեր են հայտնաբերում լրագրողները։ Փորձագետները մատնանշում են մի քանի հիմնական ուղղություններ, որտեղ կիրառվում են ինչպես բարձր տեխնոլոգիաները, այնպես էլ հոգեբանական հին ու փորձված հնարքները։

Արհեստական բանականություն և կեղծ հարցումներ

Այս ընտրական փուլում արհեստական բանականությունը ակտիվորեն օգտագործվում է սոցիալական ցանցերով քաղաքական ուժերին հարմար նարատիվներ տարածելու համար։ «Փաստացի խմբագրությունը», օրինակ, հայտնաբերել ու բացահայտել է արհեստական բանականությամբ գեներացված կեղծ սոցիոլոգիական հարցումներ, որոնք հրապարակվել են այս կամ այն թեկնածուի օգտին՝ նպատակ ունենալով արհեստականորեն բարձրացնել նրանց վարկանիշը։ Բացի այդ, ամեն քաղաքական ուժ սոցցանցերում ստեղծում է սեփական կոորդինացված ցանցերը՝ սեփական գաղափարները առաջ մղելու կամ մարդկանց ուղղակի վախեցնելու համար։

 

Անձնական թիրախավորում 

Քաղաքական գործիչների վարկաբեկման ամենատարածված ու պրիմիտիվ, բայց հանրության էմոցիոնալ շերտերի վրա ազդող թեզերը վերաբերում են նրանց ծագումնաբանությանը։ 

«Օրինակ, մի նարատիվ, որ գրել են, թե Նիկոլ Փաշինյանի տատը թե պապը թուրք է, կամ Ռուսաստանից եկած այն նարատիվը, թե Փաշինյանի տատիկը կռվել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների կողմից։ Այդ ամենը սուտ է։ Կամ դեռ 2021 թվականից տարածվող տեղեկությունները Ռոբերտ Քոչարյանի մասին, թե իր տատը կամ պապն են թուրք։ Այդպիսի նարատիվների հետքերով որ գնանք, ինչ-որ դեպքերում աղբյուրը գալիս է Ադրբեջանից»,-մանրամասնել է Գեղամ Վարդանյանը։

Քիչ չեն նաև ներքին մանիպուլյացիաները, որոնք կապված են տնտեսական ցուցանիշների, թվերի ոչ պատշաճ կամ անհիմն ներկայացնելու հետ։ Օրինակ՝ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակել է պնդել, թե միջին կենսաթոշակը բարձր է նվազագույն սպառողական զամբյուղից, կամ պրոիշխանական  լրատվամիջոցները մանիպուլացրել են Սամվել Կարապետյանի ուղերձը։

Ինչպե՞ս է ապատեղեկատվությունն ազդում ընտրողի վրա. երկու բևեռ

Թե ինչպես է այս տեղեկատվական աղբն ազդում իրական մարդկանց վարքագծի և ընտրության վրա, մասնագետները դժվարանում են միանշանակ չափել, իսկ հասարակության շրջանում կարծիքներն իրարամերժ են։

Գյումրեցի 54-ամյա Արտակ Գևորգյանն ընտրությունների մասին տեղեկատվություն ստանում է հեռուստատեսությունից և էլեկտրոնային մամուլից։ Նա նշում է, որ հաճախ է հանդիպում կեղծ լուրերի, սակայն դրանց հավաստիությունը չի ստուգում։ Արտակի պնդմամբ՝ այդ հոսքերը որևէ ազդեցություն չեն ունենում որպես ընտրող իր կողմնորոշման վրա, քանի որ արդեն ունի հստակ ձևավորված նախընտրություն։

Ի հակադրություն այս կարծիքի՝ 30-ամյա Լենա Հովհաննիսյանն ասել է, որ նույնիսկ սեփական մեդիադաշտը ֆիլտրելու և չեզոք լրատվամիջոցներին հետևելու դեպքում մարդիկ դառնում են ապատեղեկատվության զոհ։ Ըստ նրա՝ պատճառը սոցցանցերում հովանավորվող գովազդներն են, որոնք անկախ ամեն ինչից հայտնվում են բոլորի էջերում։

Լենան նաև պատմել է իր փորձի մասին. «Գիտեմ նաև մի քանի գործիքներ, որոնցով հնարավոր է ստուգել՝ արդյոք լուսանկարը կեղծ է, թե ոչ, իսկ ազատ ժամանակ տեքստերը ստուգում եմ Cloudflare-ի (կամ համապատասխան դետեկտորների) միջոցով՝ հասկանալու համար՝ արհեստական բանականությա՞մբ է գեներացված, թե՞ ոչ»։

Նա վստահ է, որ եթե նույնիսկ նյութի միայն մի փոքր հատվածն է կեղծ կամ կոնտեքստից կտրված, դա միևնույն է ազդում է ընտրողների վարքագծի վրա․ «Մարդիկ իրար տեսնելիս՝ սկսում են բանավիճել»։

Ինչպե՞ս չեզոքացնել տեղեկատվական թույնը. լուծման ճանապարհները

Փորձագիտական համայնքն ընդգծել է, որ միայն հետադարձ ուժով հերքումներ գրելը բավարար չէ ապատեղեկատվության ախտանիշները բուժելու համար։ Անհրաժեշտ է փոխել պայքարի մարտավարությունը։

Գեղամ Վարդանյանը, օրինակ, առանձնացրել է հիմնական լուծումները, որոնք կարող են իրավիճակ փոխել։

Նախազգուշացում և բացատրական լրագրություն

Լրագրողների խնդիրն է ոչ միայն գրել արդեն եղած սխալի մասին, այլ փորձել նախօրոք կանխատեսել ապատեղեկատվության սպասվող ալիքները (prebunking) և նախապես տեղեկացնել մարդկանց։ Անհրաժեշտ է պատրաստել ավելի շատ բացատրական նյութեր՝ պարզ լեզվով, որպեսզի ընդլայնվի լսարանի շրջանակը, և տեղեկատվությունը հասանելի լինի հենց սոցիալական ցանցերից օգտվող սովորական քաղաքացուն։

Պետական մարմինների արդյունավետ հաղորդակցություն

Ամենակարևոր գործոններից մեկը, ըստ Գեղամ Վարդանյանի, կառավարության և տեղական մարմինների կողմից իրականացվող ճիշտ հաղորդակցությունն է։ Մարդիկ ամեն ինչի հավատում են այն պատճառով, որ վստահություն չունեն պաշտոնական ինֆորմացիայի նկատմամբ։

«Ինչքան բարձր լինի վստահությունը պաշտոնական տեղեկատվության կամ պետական հաղորդակցության նկատմամբ, այնքան մարդիկ քիչ կհավատան ոչ հավաստի աղբյուրներով չհիմնավորված նյութերին։ Պետության դերն է՝ ավելի լավ հաղորդակցվել և բարձրացնել իր հեղինակությունը»,- ավելացրել է Վարդանյանը։

Ընտրական ապատեղեկատվությունը միայն լրագրողների կամ քաղաքական թիմերի խնդիրը չէ։ Դա ազգային անվտանգության և ժողովրդավարության կենսունակության հարց է։ Քանի դեռ պետական մարմինները չեն կառուցել թափանցիկ ու արագ հաղորդակցության մոդել, իսկ հանրության լայն շերտերը չեն տիրապետում մեդիագրագիտության տարրական կանոններին, «Փաստացի խմբագրության» նման նախաձեռնությունները կշարունակեն մնալ՝ որպես առաջնագծի միանձնյա մարտիկներ՝ փորձելով փրկել ընտրողի ազատ կամքը կեղծիքի համատարած հեղեղից։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Կարինե Կազարովան և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։ 

Leave a Comment