2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի տեղեկատվական տիրույթում ակտիվացել էին ընտրական գործընթացների տեխնիկական վերազինման շուրջ հյուսվող մանիպուլյատիվ պատմույթները: Հասարակության շրջանում, մասնավորապես, նույնականացման սարքերն ու տեսահսկման սարքերը ապատեղեկատվության միջոցով ներկայացվում են որպես «վերահսկողության» գործիքներ և մեխանիզմներ, ինչը ընտրողների մոտ հիմնականում ստեղծում է վախի մթնոլորտ և անվստահություն ընտրական գործընթացների նկատմամբ, մանիպուլացնում հասարակական կարծիքը։
Հենց այս վախն էլ ուղղակիորեն ազդում է ընտրողների ազատ կամարտահայտման վրա:
Հարցին թե ինչպես են թվային առասպելները թիրախավորում ընտրողներին՝ իրավաբան Վանուհի Գասպարյանն պատասխանել է, որ ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը և քվեարկության գաղտնիության սահմանադրական երաշխիքները ժողովրդավարական ընտրությունների անկյունաքարն են։ «Թվային առասպելները և տեսահսկման սարքերի շուրջ ձևավորվող անհիմն վախերը կաշկանդում են ընտրողին իր իրավուքնի իրացման գործընթացքում։ Սա հատկապես խոցելի է դարձնում այն քաղաքացիներին, ովքեր չունեն բավարար իրավագիտակցություն» ,-ասել է իրավաբանը։

Գասպարյանի խոսքով՝ իրավական տեսանկյունից այս պատնեշը հաղթահարելու արդյունավետ միջոցը ընտրողի կողմից իրազեկվածության ապահովումն է և բավարար գիտելիքների ձեռքբերումը։ Իրազեկման արշավները պետք է ներառեն քվեարկության գաղտնիության իրավական անձեռնմխելիությունը։ «Քաղաքացին պետք է հստակ գիտակցի, որ տեխնիկական միջոցները ծառայում են բացառապես գործընթացի օրինականության վերահսկմանը և, ըստ օրենքի, չեն կարող օգտագործվել անձի քվերակության բացահայտման նպատակով։ Ընտրողը պետք է հիշի նաև, որ քվերակության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն, որի բացահայտումն ընտրողի կողմից հանգեցնում է քրեական հետևանքի»,-ընդգծել է Գասպարյանը։
Լուսանկարը՝ Վ․Գասպարյանի ֆեյսբուքյան էջից
Քվեարկության գաղտնիության խախտում․ ի՞նչ է սահմանված ՔՕ-ով
ՀՀ ընտրական և քրեական օրենսգրքերով անուղղակիորեն արգելվում է խախտել քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը սահմանում է քվեարկության գաղտնիության խախտման դեպքերը։
ՔՕ-ի 215-րդ հոդվածը սահմանում է
- Քվեարկողի կողմից բաց` այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու միջոցով խախտելը`
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով:
- Ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը կամ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը կամ քվեարկության խցիկ մուտք գործելը կամ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը`
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Շրջանառվող կեղծ լուրերի մասին
Արդի միտումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական թափանցիկության գործիքները մանիպուլյատորների ձեռքում վերածվում են հոգեբանական ճնշման միջոցների։ Սոցիալական մեդիայում և խոսակցական մակարդակում ակտիվորեն շրջանառվում են թեզեր, որոնք արտահայտվում են նաև բնակիչների մտահոգություններում։ Նման թեզերը հատկապես տարածվում են ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ։
Շիրակի մարզի բնակչուհի, 67-ամյա տիկին Անահիտին ևս հասել է ապատեղեկատվություն տեսախցիկների վերաբերյալ։ Ասում է «Ես լսել եմ խոսակցություններ, թե ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկները կարող են իմանալ, թե գնացե՞լ ենք ընտրության, թե՞ ոչ, ու՞մ ենք ընտրել, ե՞րբ ենք ընտրել․․․իմացել եմ, որ դրանք նկարում են ամեն բան»։

Նմանատիպ կեղծ լուրերը նոր չեն Հայաստանում հատկապես ընտրական գործընթացների նախաշեմին։ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի շուրջ ևս պարբերաբար տարածվում են լուրեր ընտրական գործընթացներին ենթադրյալ «միջամտելու» կամ «հիբրիդային սպառնալիքների» վերաբերյալ, ինչը լրացուցիչ անվստահություն է սերմանում տեղի բնակչության շրջանում: Ի դեպ, Շիրակի մարզում սա ամենատարածված տեղեկությունն է ընտրական գործընթացների նախաշեմին։
Ինչպես նշում է CyberHUB.am-ի ծրագրերի ղեկավար, մեդիափորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյանը, տեղեկատվական անվտանգության ամենախոցելի օղակը մարդն է: Մանիպուլյատորները ոչ թե կոտրում են համակարգերը, այլ սոցիալական ինժեներիայի միջոցով թիրախավորում են մարդկային վախերն ու տեխնոլոգիական անտեղյակությունը:
Ըստ փորձագետի՝ անորոշության պայմաններում սովորական տեսախցիկը հեշտությամբ վերածվում է «ամենատես ու պատժող աչքի» միստիկ խորհրդանիշի։ Վախը հաղթելու միակ ճանապարհը տեխնոլոգիաների դեմիստիֆիկացիան է. պարզ ու հանրամատչելի բացատրելով սարքերի ֆունկցիոնալ սահմանափակումները, որոնց արդյունքում դավադրապաշտական միֆերը փլուզվում են, իսկ ընտրողը վերածվում է գործընթացի գիտակից տիրոջ:
Լուսանկարը՝ Ա․Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից
Թվային մանիպուլյացիաներից պաշտպանվելը խնդիր է
Հայաստանի Հանրապետությունում տիրող սոցիալական անվստահությունն ու տեխնիկական գիտելիքների պակասը հիմնականում ստեղծում են բարենպաստ նախապայմաններ նմանատիպ եւ նույնաբովանդակ ապատեղեկատվության տարածման համար: Երբ քաղաքացին չունի բավարար տեղեկատվություն սարքերի օբյեկտիվ աշխատանքի մասին, նրան շեղում են էմոցիոնալ պատմույթները՝ ստեղծելով վախի մթնոլորտ։
Ամփոփելով թեման՝ ընդգծենք, որ ընտրական բարեվարքության ամրապնդման համար կարևոր է դառնում ոչ միայն տեխնիկական անվտանգությունը, այլև՝ «թվային հիգիենայի» մասսայականացումը:
Մասնավորապես, ընտրական գործընթացներից առաջ քաղաքացիների համար փաստերի ստուգումը, քննադատական մտածողությունը, ընտրական օրենսդրության մեխանիզմների, վերահսկողական գործիքակազմերի վերաբերյալ իրազեկվածության բարձր մակարդակը պետք է դառնան այն միջոցները, որոնք ընտրողներին թույլ կտան վստահ լինել, որ իրենց քվեն պաշտպանված է ցանկացած «թվային աչքից» և իրենք ազատ են քվեախցիկում։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Աննա Խաչատրյանը և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։
Գլխավոր լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամբ