«Ժամը 20:55-ի դրությամբ ընտրատեղամասի շենքում մուտքից դժվարությամբ եմ հասել ընտրատեղամասի սենյակ»․ ՍԴ-ն քննարկում է զինվորների քվեարկության հանգամանքները

Սահմանադրական դատարանում այսօր՝ հունիսի 29-ին, ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների քննության ժամանակ զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյանը դիմող կողմին հարցեր ուղղեց զինվորականների քվեարկության հետ կապված խնդրահարույց փաստերի վերաբերյալ։ Հղում անելով վստահված անձանց արձանագրություններին՝ դատավորը բարձրաձայնեց, որ առանձին տեղամասերում (մասնավորապես՝ 35/65 և 10/51) քվեարկությունը շարունակվել է ժամը 20:00-ից հետո, իսկ միջանցքները լցված են եղել հարյուրավոր զինվորներով։

«Ժամը 20:55-ի դրությամբ ընտրատեղամասի շենքում մուտքից դժվարությամբ եմ հասել ընտրատեղամասի սենյակ, ամբողջ միջանցքը զինվորներով լցված էր… ժամը 20-ից հետո քվեարկությունը շարունակվել է, զինվորներն են քվեարկել», – ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։

Ըստ դատարանում ներկայացված տվյալների՝ թիվ 10/51 տեղամասում ժամը 20:00-ի դրությամբ տեղափոխվել է 250 զինվոր, իսկ ժամը 20:50-ին տեղամասում դեռ գտնվել է 52 զինվորական, որոնց քվեարկության գործընթացը շարունակվել է։ Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ թեև իրենք ուղղակիորեն պահանջել են անվավեր ճանաչել միայն 12/13 տեղամասի արդյունքները, սակայն զինվորականների մասնակցությամբ այս դեպքերը օգտագործում են որպես համակարգային խախտումների ծանրակշիռ փաստարկ։ Նա հավելեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուներ բոլոր հնարավորությունները բացառելու նման իրավիճակները, սակայն վստահված անձանց զգուշացումները տեղամասային հանձնաժողովների նախագահների կողմից անտեսվել են։

Սահմանադրական դատարանը միավորված վարույթով քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները և պետք է վերջնական որոշում կայացնի մինչև հուլիսի 4-ը։

Leave a Comment