Ապատեղեկատվության ազդեցությունը․ ի՞նչ է հարկավոր իմանալ

Ապատեղեկատվությունը տարածվում է դիտավորյալ և ունի մոլորեցնելու նպատակ։ Այն կեղծ, աղավաղված տեղեկությունն է, որը վերջին տարիներին դարձել է ոչ միայն տեղեկատվական, այլև՝ հասարակական անվտանգության լուրջ խնդիր։ 

Թվային տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի զարգացման պայմաններում ապատեղեկատվությունը տարածվում է արագ՝ ազդելով մարդկանց մտածելակերպի, վարքագծի և հանրային տրամադրությունների վրա։ Այսօր յուրաքանչյուր օգտատեր, հատուկ դիտավորությամբ, կարող է մի քանի վայրկյանում տարածել չստուգված, կեղծ կամ մոլորեցնող տեղեկություն, որն անմիջապես հասանելի է դառնում տարբեր աղբյուրներից։ 

Ապատեղեկատվության տարածման հիմնական նպատակը հասարակության վրա ազդեցություն գործելն է։ Այն կարող է օգտագործվել քաղաքական պայքարում, հանրային կարծիք ձևավորելու, հակառակորդին վարկաբեկելու կամ հասարակության ներսում անվստահություն, պառակտում առաջացնելու նպատակով։

Ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքում անհասկանալի ծագման և կասկածելի հարթակների կողմից տարածվող տեղեկություններին

Գյումրիում և Ախուրյանում մեր կատարած հարցումների արդյունքում պարզվում է,  որ քաղաքացիների մեծ մասը սոցիալական ցանցերում հանդիպել է ապատեղեկատվության և կարողանում է դրանք հայտնաբերել։

Հարցումների արդյունքները հաստատում են, որ հանրության շրջանում աստիճանաբար ձևավորվում է տեղեկատվական հիգիենայի որոշակի մշակույթ, որն արտահայտվում է առաջնային ֆիլտրման մեխանիզմներով։ Որպես կեղծ կամ մանիպուլյատիվ բովանդակության բացահայտման առաջին ազդակ՝ քաղաքացիների մեծամասնությունը մատնանշում է նյութի վերնագիրը և վկայակոչման աղբյուրի առկայությունը։ Այս միտումը վկայում է այն մասին, որ մեդիասպառողները սկսել են ճանաչել էմոցիոնալ մանիպուլյացիաներ պարունակող վերնագրերի կառուցվածքը և հրաժարվում են բացել անհայտ ծագման հղումները։ Սա արդյունավետ գործիք է անձնական տեղեկատվական դաշտը «աղբից» մաքրելու համար, սակայն միևնույն ժամանակ ունի մեկ այլ կողմ. բովանդակությանը չծանոթանալը երբեմն կարող է սահմանափակել նաև որակյալ, բայց ոչ այդքան հաջող վերնագրված նյութերի հասանելիությունը։ 

Օրինակ, հարցված քաղաքացիներից Մարգո Գրիգորյանն ասում է՝  երբ գրառման մեջ կամ տարածվող տեղեկությունում բացակայում է վկայակոչվող աղբյուրը, հղումը, իսկ վերնագրում առկա են լատինատառեր, վերնագիրը հրապարակված  է տառասխալներով, կարելի է ընդունել, որ այն վստահելի կայք չէ կամ վստահելի գրառում չէ։

«Ընթերցման ժամանակ նայում եմ՝ պաշտոնական հղումը կա՞, թե՞ ոչ. եթե չկա, արդեն իսկ այն տարօրինակ է ինձ համար, և  չեմ շարունակում կարդալ»,-ասել է Մարգո Գրիգորյանը։  

«Երբ կարդում եմ, օրինակ «Շոկային լուրեր», «Սենսացիոն բացահայտումներ» վերնագրերով լուրեր, միանգամից հասկանում եմ, որ այդ  լուրը կեղծ է, իսկ մեդիագրագետ լինելու համար պետք է տարբերակել նման լուրերը, քննադատությունը  մարդկանց ուղղորդում է դեպի մեդիագրագիտություն»,- ընդգծել է հարցմանը մասնակցած Ժաննա Բաբուջյանը։

Հարցմանը մասնակցած Սուսաննա Խաչատրյանը վստահ է․«Մեդիագրագետ դառնալու համար հարկավոր է, որ հաճախ կազմակերպվեն սեմինարներ․․․Սովորաբար երբ կարդում եմ վերնագրերը ու դրանք տարօրինակ են լինում ինձ համար,  այլևս չեմ բացում հղումը»։

Ինչպես նշվեց, հաճախ ապատեղեկատվությունը կառուցվում է մարդկանց հույզերի վրա վախ, զայրույթ կամ անհանգստություն առաջացնելու նպատակով, քանի որ զգացմունքային բովանդակությունն էլ ավելի արագ է տարածվում և ավելի մեծ արձագանք ստանում հանրության շրջանակում։          

Ապատեղեկատվություն տարածողները սովորաբար ունեն հստակ թիրախային լսարան։ Նրանք ուսումնասիրում են, թե հասարակության որ խումբն է առավել խոցելի և ինչպիսի թեմաներ կարող են առավել ազդեցիկ ու տպավորիչ լինել տվյալ լսարանի համար տվյալ ժամանակահատվածում։

Տելեգրամյան որոշ ալիքներ շուրջ ամիսներ առաջ ակտիվորեն տարածում էին, որ Գյումրիում գործող ռուսական 102-րդ ռազմաբազայում «պատրաստվում են ամենավատին»։ «Փաստերի ստուգման հարթակը» այս լուրերն ուսումնասիրել և պարզել էր, որ  ռուսական և պրոռուսական ալիքները Գյումրիի ռազմաբազայի մասին ոչ փաստահեն տեղեկություններ են տարածում։

Քաղաքացիները մեր հարցումների ժամանակ ընդգծել են, որ այլևս չեն հավատում սենսացիոն վերնագրերով և ոչ փաստահեն լուրերի, որոնց նպատակը ժողովրդի մեջ կասկած և խուճապ առաջացնելն է։

«Մեր ժողովրդին ուզում են շեղել, ուզում են մոլորության մեջ գցել, որ խառնվենք իրար, ու հիմնականում նման բաները տարածում են կամ ընտրություններից առաջ կամ պատերազմի ժամանակ»,-ասել է հարցման մասնակից  Փառանձեմ Հակոբյանը։ 

«Ժողովրդի մեջ խուճապ են առաջացնում, որը կարող է վատ անդրադառնալ մարդկանց հոգեբանության վրա։ Հիմա էլ ընտրությունների շրջան է. դե, պարզ է, որ ակտիվանում են այս ժամանակաշրջանում»,- ավելացրել է հարցված մեկ այլ քաղաքացի՝ Ղունգեն Սերոբյանը։ 

«Ֆեյքերի նպատակը  հասարակության կարծիքի վրա  ազդեցություն ունենալն է». փորձագետ

MAALEHT շաբաթաթերթի սյունակագիր և  «PRACTNET» ՀԿ-ի ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հանս Ռումը մեզ հետ զրույցում ևս հաստատել է, որ ֆեյքեր տարածողներն ակտիվանում են հատկապես ընտրություններից առաջ։ Դա ամբողջ աշխարհին է բնորոշ, և պետք է շատ զգույշ լինել՝ նրանց թիրախում չհայտնվելու համար։

«Ֆեյքերի նպատակը հասարակության կարծիքի վրա ազդեցություն ունենալն է,  որպեսզի ապակայունացնեն իրավիճակը։ Դրա արդյունքում ժողովուրդը կարող է այնպիսի որոշումներ կայացնել, որն իր երկրին օգուտ չի լինի, այլ այն երկրորդ  կամ երրորդ երկրին, որն օգտագործում է հիբրիդային պատերազմի մեթոդն իր նպատակներին հասնելու համար։ Բոլոր երկրներում կեղծ և մանիպուլացնող լուրերը համարյա նույնն են։ Օրինակ, Հայաստանի պարագայում վախեցնում են պատերազմով, և նմանատիպ այլ կեղծ օրակարգերը հասարակության լայն շրջանակներում կարող են վախ և խուճապ առաջացնել, հատկապես որ Հայաստանը վերջերս պատերազմում պարտություն է կրել։ Այս ինֆորմացիոն պատերազմի դեմ պետք է պայքարի  հասարակությունը և պետությունը, նաև այն կազմակերպությունները, որոնք մեդիագրագիտության դասընթացներ են անցկացնում լայն շրջանակներում»,-ընդգծել է Հանս Ռումը։ 

Հայաստանում ապատեղեկատվության տարածման հիմնական հարթակները սոցիալական ցանցերն են։ Բացի այդ, գործում են նաև կեղծ և կասկածելի կայքեր, որոնք արտաքին տեսքով հիշեցնում են իրական լրատվամիջոցներ և փորձում են վստահություն ներշնչել օգտատերին։ Այս հարթակներում տարածվող նյութերը հաճախ ներկայացվում են առանց աղբյուրի կամ մանիպուլյատիվ վերնագրերով, ինչը նպաստում է դրանց արագ տարածմանը։ Օրինակ, «Զոհ ունենք», «Ջուր չի լինի», «Գազը կթանկանա», «Անհապաղ տարածել» և նմանատիպ վերնագրեր, որոնք անհանգստություն և շփոթմունք են առաջացնում օգտատերերի մոտ։ 


Ամփոփելով՝ մեր հարցումների արդյունքում պարզ է դառնում, որ քաղաքացիներն առաջինը ուշադրություն են դարձնում լուրի վերնագրին, լուսանկարի, ստեղված մեդիա արտադրանքի բովանդակությանը։ Քաղաքացիների կողմից առաջարկվող լուծումները հստակորեն մատնանշում են երկրում մեդիագրագիտության մակարդակի բարձրացման հանրային պահանջարկը։ Քաղաքացիները, որպես պահանջ, առաջարկում են ուսուցողական դասընթացների, սեմինարների անցկացումը, ինչը կօգնի բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը։ 

Փորձագետները ևս նշում են, որ ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորագույն միջոցներից մեկը մեդիագրագիտության տարածումն ու զարգացումն է։ Մարդիկ պետք է կարողանան իրարից տարբերել իրական և կեղծ աղբյուրները, ստուգել տեղեկությունների իսկությունը և զգուշությամբ վերաբերվել սենսացիոն վերնագրերով հրապարակումներին։ Տեղեկատվական անվտանգության պայմաններում կարևոր է ոչ միայն տեղեկացված լինելը, այլև՝ պատասխանատու կերպով տեղեկատվություն սպառումն ու տարածումը։

Մեդիագրագիտության ուսուցումն այսօր անհրաժեշտ է դարձել և՛ երիտասարդների, և՛ մեծահասակների համար։

Մեդիագրագիտության ուսուցման նպատակն է տարբեր տարիքի մարդկանց օգնել զարգացնելու ինքնարտահայտման հմտություններն ու կարողությունները, որոնք այսօր անհրաժեշտ են դարձել տեղեկատվությանը քննադատաբար մոտենալու, տեղեկատվությունը գնահատելու և տարածելու հարցում։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Արմենուհի Մամիկոնյանը և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։  

Գլխավոր լուսանկարը արհեստական բանականության միջոցով է ստեղծվել

Leave a Comment