ՍԴ-ում տեղի ունեցավ երրորդ բացահայտումը․ Վարդևանյանը՝ 20:00-ից հետո տեղամասերում քվեարկության շարունակման մասին

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումների միավորված գործի քննությունը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանի պնդմամբ՝ ընտրությունների ընդհանուր գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացվել, իսկ վարչական դատարանի՝ վերաքվեարկություն իրականացնելու վերաբերյալ վճիռը չկատարելն ուղղակիորեն առնչվում է ընտրակեղծարարության հետ:

Փաստաբանը բացահայտում է համարում ՍԴ-ում ԿԸՀ նախագահի արած այն հայտարարությունը, որ ինքն անձամբ տեղեկացված է եղել ժամը 20:00-ից հետո տեղամասերում քվեարկության շարունակման մասին:

«Ո՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար՝ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները: Ո՞վ է պատասխանատու եղել, որ ժամը 20:00-ից հետո պատշաճ կազմակերպի ընտրական տեղամասում քվեարկության գործընթացը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ երրորդ բացահայտումը՝ ԿԸՀ նախագահն անձամբ տեղեկացված է եղել իրավիճակից: Ո՞ւմ միջոցով՝ ընտրական տեղամասի պատասխանատուի, ով, ի դեպ, հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ»,- նշել է Վարդևանյանը։

Leave a Comment