27 հունիսի 2026 – 15:10 AMT
PanARMENIAN.Net – Սահմանադրական դատարանում շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը քննվող հարցի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ամբողջ ընթացքում արձանագրված ընթացակարգային հարցերը չեն կարող դիտարկվել որպես այնպիսի խախտումներ, որոնք կարող էին փոխել ընտրողների կամարտահայտության վերջնական արդյունքը, հայտնում է Factor.am-ը:
Սահմանադրական դատարանում միավորված վարույթով քննվում են յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով վիճարկվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Կողմերը ներկայացրել են իրենց փաստարկներն ու միջնորդությունները, այդ թվում՝ ընտրական ծրարների թափանցիկության և քվեարկության ընթացքում արձանագրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ։
ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն՝ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Դիմում ներկայացրած քաղաքական ուժերը պահանջել են նաև քննարկել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության հարցը, սակայն Սահմանադրական դատարանը որոշել է այդ հարցը քննարկման առարկա չդարձնել։