Հասարակութիւնների «սթոքհոլմեան» վարքագիծը եւ քաղաքական դրսեւորումները
Ի՞նչ է տեղի ունենում այն հասարակութիւնների հետ, որոնք ժամանակի ընթացքում սկսում են սեփական արժէքները դիտել որպէս թերզարգացում, իսկ արտաքին աշխարհին նմանուելը` առաջադիմութեան միակ ճանապարհ: Ինչո՞ւ են երբեմն հասարակութիւնները ոչ միայն ենթարկւում արտաքին մշակութային կամ քաղաքական ազդեցութիւններին, այլեւ սկսում են տրամաբանութիւն մոգոնել դրանց համար, նոյնիսկ այն դէպքում, երբ դրանք հակասում են սեփական պատմական փորձառութեանը կամ ազգային ինքնութեան առանցքային շերտերին:
Այս հարցերը նոր չեն, սակայն այսօր` հաղորդակցական արհեստագիտութիւնների արագ զարգացման, ընկերային ցանցերի ազդեցութեան եւ քաղաքական բեւեռացման պայմաններում, դրանք ստանում են նոր արտայայտութիւններ: Յատկապէս` այն երկրներում, որոնք պետականութիւն են ժառանգել մեծ կայսրութիւնների փլուզումից եւ երկար ժամանակ շարունակել են ապրել անվտանգութեան, ճանաչման կամ քաղաքակրթական ինքնահաստատման փնտռտուքի մէջ:
Վերջին տասնամեակներում, մասնաւորապէս` Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ձեւաւորուած նորանկախ հասարակութիւններում, նկատելի է դարձել մի երեւոյթ, երբ քաղաքական որոշ խմբեր եւ գաղափարական շրջանակներ «արեւմտեան արժէքներ» ասուածը ներկայացնում են ոչ թէ որպէս փորձառութիւններից գոյացած կամ ընտրած այլընտրանք, այլ` քաղաքակրթական պարտադիր ուղի: Այդ շրջանակներում երբեմն խրախուսւում է այնպիսի վերաբերմունք, որտեղ ազգային աւանդոյթը, մշակութային առանձնայատկութիւնը կամ պատմական ինքնագիտակցութիւնը ներկայացւում են որպէս խոչընդոտ «ժամանակակից» երեւալու ճանապարհին:
Սակայն այստեղ ի յայտ է գալիս մի հակասութիւն, որի մասին քիչ է խօսւում: Այն, ինչ յաճախ նորանկախ երկրներում ներկայացւում է որպէս ժողովրդավարութեան անխուսափելի պահանջ, բուն Եւրոպայի մէջ երբեմն գործում է լրիւ այլ տրամաբանութեամբ: Եւրոպական պետութիւնները, անկախ իրենց ազատական քաղաքական հռետորաբանութիւնից, ունեն ազգային ինքնութեան, լեզուի, մշակոյթի եւ պետական շահի այնպիսի «կարմիր գծեր», որոնք արտաքին ճնշումների ներքոյ չեն վերանայւում: Այլ խօսքով` այն, ինչ ուրիշներին խորհուրդ է տրւում որպէս բաց հասարակութեան նշան, ներսում յաճախ սահմանափակւում է ազգային շահի տրամաբանութեամբ:
«Սթոքհոլմեան սինտրոմով» հասարակութիւննե՞ր
Հէնց այս հակասութեան մէջ է, որ որոշ հասարակութիւններում սկսում է ձեւաւորուել մի հոգեբանական վիճակ, որը, թերեւս, փոխաբերական իմաստով կարելի է համեմատել «սթոքհոլմեան սինտրոմի» հետ: Խօսքը, անշուշտ, բժշկական կամ հոգեբանական ախտորոշման մասին չէ, այլ` մի իրավիճակի, երբ արտաքին ուժի կամ ազդեցութեան նկատմամբ ձեւաւորւում է ոչ միայն կախուածութիւն, այլեւ` ներքին համակրանք կամ արդարացում: Երբ մարդը կամ հասարակութիւնը սկսում է հաւատալ, որ «ընդունելի» լինելու համար նախ պէտք է հրաժարուի սեփականից:
Այս երեւոյթը յատկապէս նկատելի է այն հասարակութիւններում, որտեղ անվտանգութեան զգացումը խոցելի է, պետական ինքնավստահութիւնը` ցածր, իսկ արտաքին հովանաւոր գտնելու ցանկութիւնը` բարձր: Այդ պարագայում «ժամանակակից» երեւալը երբեմն վերածւում է ոչ թէ զարգացման, այլ ինքնութեան վերափոխման պահանջի: Սեփական պատմութիւնը վերանայելու, ազգային սրբութիւնները երկրորդական դարձնելու կամ պատմամշակութային ընկալումները «հնացած կամ տժգոյն» որակելու գործընթացները դառնում են ոչ թէ բանավէճի, այլ բարոյական ճնշման առարկայ:
Միջազգային քաղաքականութիւնը նման օրինակների պակասը չի ունեցել: Իրանի դէմ պատերազմի տարիներին որոշ իրանական խմբաւորումների որդեգրած վարքագիծը` արտաքին հակառակորդի հետ նոյնականացման տրամաբանութեամբ, երկար ժամանակ մնացել է քաղաքական ու բարոյական բանավէճի առարկայ: Նոյնպէս տարբեր երկրներում կարելի է տեսնել դէպքեր, երբ հասարակութեան մի հատուած արտաքին ուժի յաղթանակը սկսում է ընկալել որպէս սեփական ներքին հակառակորդից ազատուելու միջոց: Այդ պահին գաղափարական հակադրութիւնը երբեմն այնքան խորն է դառնում, որ ազգային կամ պետական շահի ընկալումը սկսում է երկրորդական թուալ:
Սակայն խնդիրը միայն քաղաքական չէ: Ընկերային ցանցերի եւ ալկորիթմներով կառավարուող հանրային դաշտի պայմաններում հասարակութիւնները աւելի արագ են սկսում ձեւաւորել պատկերացումներ այն մասին, թէ ի՛նչն է «ընդունելի», «առաջադէմ» կամ «քաղաքակիրթ»: Եւ երբ այդ չափանիշները գալիս են բացառապէս արտաքին հայեացքից, առաջանում է վտանգ, որ հասարակութիւնը գնալով կը սկսի ինքն իրեն չընկալել սեփական պատմական փորձառութեամբ, այլ` ընկալել օտարի հաստատման հայեացքի մէջ:
Թերեւս հարցը վերջում Արեւմուտք-Արեւելք հակադրութեան մէջ չէ: Խնդիրն աւելի խորն է: Ո՞ր պահին է հասարակութիւնն սկսում ապրել ուրիշի լեզուով: Եւ արդեօ՞ք ժամանակակից լինելու ձգտումը պարտադիր պիտի նշանակի սեփական պատմական յիշողութեան, ազգային բնազդի կամ ինքնութեան արժեզրկում:
Հնարաւոր է` 21-րդ դարի ամենախոր պայքարներից մէկը տարածքների կամ ռազմական ազդեցութեան համար չէ, այլ` հասարակութիւնների ինքնութեան լեզուի:
«Ալիք»
